«Չեմ ընդունում», «լավ տղա է», «ինքն իրեն է վիրավորում». քաղաքացիները՝ վարչապետի խոսույթի մասին

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ քաղաքական հռետորաբանության սրացման նոր փուլ է սկսվել. հրապարակային ելույթներում փաստարկներին փոխարինելու են եկել անձնական վիրավորանքները։

Վերջին շրջանում հանրային քննարկումների կենտրոնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը, որտեղ ընդդիմախոսների հասցեին հնչում են կոշտ ու վիրավորական արտահայտություններ։

Փաշինյանը, արձագանքելով գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների թեզին, թե վարչապետը վախենում է իրենց ուժից և դրա համար արհեստական խոչընդոտներ է ստեղծում, ասել է. «Վախենում եմ միլիարդատիրոջից դառնաս բոմժ մինչև տարվա վերջ»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, արձագանքելով, ամոթանք է տվել՝ ասելով. «բա սա վարչապետի խոսույթ է» և պատասխանել, որ նման մարդը «հոգով է բոմժ»։

Armenia Today-ը մայրաքաղաքի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն արդյոք նորմալ են համարում նման պահվածքը։

Հարցման մասնակիցների մեծ մասը դեմ արտահայտվեց Փաշինյանի բառապաշարին՝ նշելով, որ երկրի առաջին դեմքի կողմից նման խոսույթը տհաճություն է առաջացնում։

«Այդ լեքսիկոնը, որով խոսում է, նախևառաջ իրեն է վերաբերում։ Եթե վիրավորում է ժողովրդին, ինքն իրեն է վիրավորում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի վարչապետի խոսքերը որակեց որպես երկրի ղեկավարին ոչ հարիր պահվածք և տակտի բացակայություն։

«Իսկ քաղաքականությանն առհասարակ չեմ հետևում, տհաճություն է պատճառում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ վարչապետի կողմնակից է, սակայն սխալ է համարում նրա կողմից նման արտահայտությունները։

«Եթե նման բաներ է ասել, ճիշտ չի արել», – հավելել է նա:

Մեկ այլ քաղաքացի հայտնեց որ չի լսել վերջին կոշտ հայտարարւթյոգնները, բայց անկախ դրանից համոզված է, որ «վարչապետը լավ տղա է, լավ բաներ է անում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment