ՀԷՑ-ը ՍԴ-ում վիճարկել է ժամանակավոր կառավարչի լիազորությունները, Վարդանյանն ինքնաբացարկ է հայտնել

ՀԷՑ-ը ՍԴ-ում վիճարկել է ժամանակավոր կառավարչի լիազորությունները, Վարդանյանն ինքնաբացարկ է հայտնել

8 ապրիլի 2026 – 18:30 AMT

PanARMENIAN.Net«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Էներգետիկայի մասին» օրենքի համապատասխան դրույթի սահմանադրականությունը։ Դիմումը վերաբերում է օրենքի 52․1 հոդվածի 3-րդ մասին, ըստ որի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները փոխանցվում են ժամանակավոր կառավարչին։

ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է ինքնաբացարկ՝ նշելով, որ չի կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ ունի կանխակալ վերաբերմունք որպես կողմ հանդես եկող անձանց և գործընթացի այլ մասնակիցների նկատմամբ։ Այդ որոշումը կայացվել է ապրիլի 3-ին, հայտնում է «Փաստինֆոն»:

Սահմանադրական դատարանը նախկինում արդեն քննել է էներգետիկ ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների սահմանադրականությունը՝ խորհրդարանական ընդդիմության դիմումի հիման վրա՝ դրանք ճանաչելով Սահմանադրությանը համապատասխան։

Այդ գործով ընդդիմադիր պատգամավորները պնդել են, որ կարգավորումները թույլ են տալիս ՀԾԿՀ-ին դադարեցնել լիցենզիան առանց դատարան դիմելու, ինչը, ըստ նրանց, հակասում է սեփականության իրավունքի սահմանադրական երաշխիքներին։ Նրանց կարծիքով՝ լիցենզիայի դադարեցումը փաստացի հավասարազոր է սեփականությունից զրկելուն, քանի որ ընկերությունը կորցնում է իր գույքը նպատակային օգտագործելու հնարավորությունը։

Բացի այդ, բարձրաձայնվել է, որ կառավարության նախապատվության իրավունքը էներգետիկ ընկերությունների բաժնեմասերի և ակտիվների նկատմամբ կարող է սահմանափակել տնտեսական գործունեության ազատությունը։

Չնայած այդ փաստարկներին՝ ՍԴ-ն նախկինում արձանագրել է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը։

Ներկայումս ՀԷՑ-ի կողմից ներկայացված նոր դիմումը վերաբերում է նույն օրենքի մեկ այլ դրույթի սահմանադրականությանը, սակայն դեռևս հայտնի չէ՝ այն ընդունվել է վարույթ, թե ոչ։

Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Leave a Comment