8 ապրիլի 2026 – 16:04 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեպի ԱՄՆ և Եվրամիություն արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես՝ ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։
Մասնակիցները ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ:
«Պռոշյանի կոնյակի գործարանի» ՌԴ արտահանման լիցենզիան կարող է չեղարկվել: ՌԴ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը» ներմուծված ապրանքի ստուգման արդյունքում հայտնաբերել է լուրջ խախտումներ: Պարզվել է, որ ներմուծվող կոնյակը չի համապատասխանում ՌԴ ԳՕՍՏ-ի պահանջներին․ դրա բաղադրության մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ՝ «այսպիսով, տվյալ արտադրանքը փաստացի չի կարող համարվել կոնյակ»։
Գերատեսչությունն արդեն դիմել է դատարան՝ լիցենզիայի կասեցման և հնարավոր ուժը կորցնելու պահանջով։ Ներկայացված նյութերը նաև մատնանշել են վարչական իրավախախտման առկայությունը։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում։