Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը AFP լրատվական գործակալության հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը Վաշինգտոնի համար «100 տոկոսանոց և լիակատար հաղթանակ» է:
Նախագահ Թրամփը նշել է, որ առկա է 15 կետից բաղկացած գործարքի շրջանակ, որի կետերի մեծ մասի շուրջ արդեն իսկ կա փոխհամաձայնություն: Անդրադառնալով Իրանի հարստացված ուրանի խնդրին՝ Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ այդ հարցը «կատարելապես կարգավորված կլինի», հակառակ դեպքում ինքը չէր գնա համաձայնության: Թրամփը շեշտել է, որ խաղաղության ցանկացած վերջնական պայմանագիր պետք է բացառի Իրանի կողմից միջուկային զենք ստանալու հնարավորությունը:
«Լրիվ և ամբողջական հաղթանակ։ 100 տոկոս։ Դրանում կասկած չկա», – AFP-ին հեռախոսազրույցի ժամանակ ասել է Թրամփը:
Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Չինաստանը կարևոր դեր է խաղացել Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում:
Հատկանշական է, որ Թրամփը նախատեսում է մայիսի կեսերին մեկնել Պեկին՝ հանդիպելու Սի Ծինփինի հետ. այց, որը հետաձգվել էր հենց իրանական հակամարտության պատճառով: Չնայած լավատեսությանը՝ նախագահը հրաժարվել է հստակեցնել՝ արդյոք կվերադառնա Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու իր սկզբնական սպառնալիքներին, եթե գործարքը ձախողվի՝ սահմանափակվելով միայն «կտեսնենք» պատասխանով:
