7 ապրիլի 2026 – 19:05 AMT
PanARMENIAN.Net – Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ներառյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։
Նախագիծն ապրիլի 7-ին քննարկվել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հայտնում է Արմենպրեսը:
Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանով բովանդակային փոփոխություններ չեն առաջարկվել, այլ՝ մեծածավալ բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները հաշվի առնելով, առաջարկվել է հստակեցնել անցումային դրույթները։
Նախարարի խոսքով՝ քննարկվող նախաձեռնությամբ կարգավորվում է անցումային ժամանակահատվածում ընդունելության կազմակերպումը, որը պահպանվելու է անփոփոխ մինչև 2030 թվականը։ Նոր օրենքով նախատեսված նոր պայմաններով ընդունելությունը կազմակերպվելու է նշված ժամանակահատվածից հետո, երբ բուհերը պատրաստ կլինեն անցնել նոր համակարգին։
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ երկրորդ կարգավորումն առնչվում է բուհերի կառավարմանը, մասնավորապես՝ ռեկտորների ընտրության գործընթացին, որտեղ առաջարկվել են տեխնիկական բնույթի որոշ փոփոխություններ։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը պայմանավորված է օրենքի սահուն կիրառման համար անհրաժեշտ անցումային դրույթների և համապատասխան լիազորող նորմերի սահմանման անհրաժեշտությամբ։
Առաջարկված փոփոխությունները հնարավորություն են տալիս ապահովել գիտական կազմակերպությունների և բուհերի կառավարման ընթացիկ գործընթացների կարգավորումը՝ մինչև նոր օրենքի կիրառումն ապահովող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։
Նախագծի ընդունումը նաև կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատությունների, հատկապես բակալավրի կրթական աստիճանում, ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար մասնագիտությունների և քննությունների ցանկի հաստատմանը, ինչպես նաև պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի համար անհրաժեշտ լիազորող նորմերի ամրագրմանը՝ մինչև նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։