ԱԲ-ով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշվի. ԲՏԱ նախարար

Օրենսդրական փաթեթը նախատեսում է նաև պատասխանատվության միջոցներ մակնշման պահանջների խախտման համար

ԱԲ-ով գեներացված բովանդակությունը հեռարձակելիս պետք է մակնշվի. ԲՏԱ նախարար


ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը, որով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար սահմանվում են արհեստական բովանդակության պարտադիր մակնշման պահանջներ:


Գործող օրենսդրությամբ սինթետիկ բովանդակության ստեղծման կամ տարածման դեպքում դրա նույնականացման կամ մակնշման պարտադիր պահանջներ սահմանված չեն: Արդյունքում սպառողը հաճախ տեղեկացված չի լինում, որ բովանդակությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված է արհեստական բանականության համակարգերի կիրառմամբ:


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ նախագծի ընդունմամբ իրավական սահմանում է տրվում արհեստական բանականությամբ կամ այլ թվային լուծումներով ստեղծված տեսալսողական, ձայնային կամ պատկերային նյութերին:


Նոր կարգավորումներով հեռարձակողները պարտավոր են նույնականացնել ԱԲ համակարգերով գեներացված բովանդակությունը՝ սպառողների տեղեկացվածությունն ապահովելու նպատակով:


Օրենսդրական փաթեթը նախատեսում է նաև պատասխանատվության միջոցներ մակնշման պահանջների խախտման համար:


Նախաձեռնությունն առաջին, ապա երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել ու ընդունվել է ապրիլի 7-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում:


 

Leave a Comment