Իոաննիսյան․ Անձնանունների արգելքն ընտրություններից 2 ամիս առաջ բերելը խնդրահարույց է

Իոաննիսյան․ Անձնանունների արգելքն ընտրություններից 2 ամիս առաջ բերելը խնդրահարույց է

7 ապրիլի 2026 – 18:10 AMT

PanARMENIAN.Net – Դաշինքների և կուսակցությունների անվանումներում անձնանունների կիրառումն արգելող կարգավորումը պետք է, բայց այդ արգելքը ընտրություններից 2 ամիս առաջ բերելը խնդրահարույց է զուտ ժամկետների առումով, հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, հայտնում է News.am-ը:

Նա նշել է, որ հանձնաժողովի նիստի արձանագրությունն ուսումնասիրելուց հետո եկել են եզրակացության, որ տեղի ունեցածը տեխնիկական վրիպակի հետևանք է եղել։ Խոսքը վերաբերում է այն փաստին, որ մինչև 2024 թվականը նման արգելք գործել է, սակայն հետագայում այն հանվել է, իսկ այժմ կրկին առաջարկվում է վերականգնել։

«Չենք պարզել, թե ում կողմից է եղել այդ վրիպակը, երբեք չենք պարզի։ Կամ արդարադատության նախարարությունից, կամ Ազգային ժողովից, բայց որ դա ԿԸՀ–ի նախաձեռնությունը չի եղել, այդ մասով «Անկախ դիտորդը» արձանագրել է։

«Այստեղ մեր մոտեցումը հետևյալն է. այդ կարգավորումը, այդ արգելքը պետք է, բայց այդ արգելքը ընտրություններից երկու ամիս առաջ բերելը խնդրահարույց է զուտ ժամկետների առումով։ Եթե այս փոփոխությունը լիներ գոնե մի քանի ամիս առաջ, մենք դա կողջունեիք։ Ակնհայտորեն, որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձևավորել կամ ձևավորում, և հիմա նրանք որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու»,–ասել է նա։

Իոաննիսյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ խնդիրը նկատվել է ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ։ Նրա խոսքով՝ իրենք այդ մասին տեղեկացել են այն պահին, երբ սկսել են ձևավորվել այնպիսի դաշինքներ, որոնց անվանումներում առկա են անձնանուններ։

«Այս կարգավորումը գոնե մեր կողմից նկատվեց այն ժամանակ, երբ մենք տեսանք, որ ձևավորվում են դաշինքներ, որոնք անձնանուններ ունեն իրենց անվանման մեջ։ Երվ ես տեսա հայտարարությունը, որ «Ուժեղ Հայաստան Սանվել Կարապետյանի հետ» դաշինք է ձևավորվում, ես մի քիչ զարմացա, որովհետեւ ես ունեի այն վստահությունը, որ ընտրական օրենսգրքի 81–րդ հոդվածը դա արգելում է։ Երբ ես բացեցի այդ հոդվածը, տեսա, որ այդ արգելքը չկա ու շատ զարմացա։ Ես այդ ժամանակ եմ բացահայտել»,-ասել է նա:

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձեւեր»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ելույթում անդրադարձել է քննարկվող հարցին՝ ներկայացնելով դրա էությունը։ Նա որպես օրինակ նշել է, որ նախատեսվել է արգելել «Հայաստան դաշինք Սաքուլիկի հետ» կամ «Գոհարենց չամիչով բուլկի» անվանումների կիրառումը՝ ընդգծելով. «Ասում ենք՝ Գոհարենցը չպիտի լինի», հայտնում է 1lurer.am-ը:

Նրա գնահատմամբ՝ այստեղ հետընթաց չկա, այլ հակառակը՝ առաջընթաց է արձանագրվել։

«Արդյոք այստեղ հետընթա՞ց կա: Ես կարծում եմ՝ ուղիղ հակառակը: Մենք ի՞նչ ենք անում: Ասում ենք՝ գնում ենք դեպի ժողովրդավարություն, որտեղ ընտրություններն անձերի մասին չեն, այլ ծրագրերի, թիմերի, իրենց առաջարկի, իսկ քանի որ այս ուժերն առաջարկ չունեն, իրենց միակ ֆիշկան կա՛մ Սաքուլիկն է, կա՛մ Գոհարը, իրենք այդտեղ ժողովրդավարության լուրջ հետընթաց են նկատում»,- հայտարարել է Ղազարյանը։

Նա նաև նշել է, որ իրենք ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակելու են պաշտպանել ժողովրդավարությունը նրանցից, ովքեր, ըստ նրա, փորձել են խաթարել ընտրողների կամարտահայտությունը։

«Էս մարդիկ սեփական աթոռի, գույքի, այլ երկրների քաղաքացիության մասին մտածում են, այլ երկրներում իրենց գեներացրած կապիտալի մասին մտածում են, էս մարդիկ ձեր մասին չեն, էս մարդիկ օտար են, օտար լինելու են, իսկ ժողովրդավարության հետընթաց չի լինելու, որովհետև մենք Ընտրական օրենսգիրքը, այլ օրենքներ լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից»,- ասել է նա։

ԱԺ նախագահի որոշմամբ նույն օրը գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվել են չորս նախագիծ՝ նախատեսված ընդունելու հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պարզաբանել է, որ նման հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններով, և անհրաժեշտ է նախապես սահմանել դրանց կազմակերպման արդյունավետ մեխանիզմներ։ Նրա խոսքով՝ ներկայացված նախագիծը ներառել է երկու հիմնական բաղադրիչ։

«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- պարզաբանել էր Ջուլհակյանը։

Ավելի վաղ Իոաննիսյանը գրառում է կատարել՝ նշելով. «Իսկ դուք գիտե՞ք, որ նախքան 25 թվական ընտրական օրենսգրքը արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ, սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու այդ արգելքը հանվում է։ Ինձ ահագին զարմացնում է իշխանությունից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել ընտրական օրենսգիրքը»։

Leave a Comment