Ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը, հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։
Ապրիլի 7-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ կատարվածը պարզապես մշակութային կորուստ չէ, այլ «հայրենիքի ջնջմանն» ուղղված հետևողական քաղաքականության մի մաս։
Նման գործողություններն, ըստ գործակալության, կարելի է որակել որպես մշակութային վանդալիզմ, որի նպատակն է «վերաձևել տարածքը՝ առանց հիշողության և առանց անցյալի»։
«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument Watch) նախաձեռնությունն ապրիլի 6-ին հայտնել էր, որ անհայտ անձինք կոտրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի պատուհանները։
Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել է Բաքվին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները:
