Երևանում 2 դպրոցների տարածքում կեղտաջրերի հոսքը չի դադարում․ շուրջ 4000 աշակերտ վտանգի տակ է


Հասարակություն


Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ Երևանի խոշոր կրթական օջախներից երկուսի՝ թիվ 181 հիմնական դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մայր դպրոցի տարածքներում շարունակվում է կեղտաջրերի անարգել հոսքը՝ տարածելով սուր և տհաճ գարշահոտ, հաղորդում է Shamshyan.com-ը։

Այս երկու կրթական հաստատություններում միասին սովորում է շուրջ 4000 աշակերտ, որոնք ստիպված են ամեն օր դպրոց հաճախել հակասանիտարական պայմաններում՝ շնչելով կեղտաջրերի հոտը և տեղաշարժվելով աղտոտված տարածքով։

«Վեոլիա ջուր» ընկերությունը մի քանի անգամ փորձել է կարգավորել խնդիրը․ փոխվել են դիտահորեր, տեղադրվել նորերը, իրականացվել են որոշակի աշխատանքներ։ Սակայն, չնայած այդ քայլերին, կեղտաջրերի հոսքը չի դադարել, ավելին՝ իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։

Բնակիչները և ծնողները պահանջում են, որպեսզի պատասխանատու կառույցները վերջապես ձեռնարկեն արդյունավետ և վերջնական քայլեր՝ խնդիրը լուծելու համար՝ հաշվի առնելով երեխաների առողջության և բնականոն կրթական գործընթացի ապահովման առաջնահերթությունը։

Կայքն ավելի վաղ հայտնել էր, որ արդեն մոտ մեկ ամիս է՝ Երևան քաղաքի թիվ 181 հիմնական դպրոցի հարևանությամբ կեղտաջրերը դուրս են գալիս և տարածվում ամբողջ դպրոցի բակով՝ հոսելով մինչև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ապա հասնելով Բաբաջանյան փողոց։


Leave a Comment