7 ապրիլի 2026 – 11:26 AMT
PanARMENIAN.Net – Ռուսական գազի գործող գինը Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր խթան է, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ գազի թանկացման պարագայում Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և այլ ինտեգրացիոն կառույցներից (Ռուսաստանի մասնակցությամբ-խմբ.)։
Կոսաչևը նշել է, որ հարցի այդկերպ բարձրացումը կոռեկտ չէ։ Նա նկատել է, որ Ռուսաստանի նախագահը պարզապես փաստ է արձանագրել (խոսքը Հայաստանի համար գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին է – խմբ.), հայտնում է Sputnik Արմենիան:
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ սա այն իրականությունն է, որում այսօր ապրում և որի հաշվին իր տնտեսությունը զարգացնում է Հայաստանը՝ ստանալով զգալի մրցակցային առավելություններ Եվրոպայում և ամբողջ աշխարհում ծավալվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը հրահրվել է ոչ թե Ռուսաստանի, այլ բոլորովին այլ երկրների կողմից:
«Ռուսական գազի ներկայիս գինը և՛ հզոր խթան է Հայաստանի տնտեսության շատ հատվածների զարգացման համար, և՛ երկրում սոցիալական և քաղաքական կայունության ծանրակշիռ գործոն։ Ինձ թվում է, որ հայաստանյան քաղաքական գործիչների դեպքում արդարացի և ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նման ծավալը, այլ ոչ թե շահարկել գնային քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները», – ասել է Կոսաչևը։
Ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը գազը ստացել է եվրոպականից զգալիորեն ցածր գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 177․5 դոլարով՝ Եվրոպայում մոտ 600 դոլարի փոխարեն։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, նշել էր, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կարող է վերանայել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։