Ղազախստանը չի բանակցում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ, «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են «Ղազախստան Թեմիր Ժոլին» (KTZ) և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։
Ընկերությունը հերքել է այս հարցի շուրջ հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունները, պարզաբանելով, որ ներկայումս նման քննարկումներ չեն ընթանում։
Մոսկվան նախկինում հայտարարել էր, որ Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ բանակցություններ չկան, ընդգծելով, որ 2008 թվականին կնքված համաձայնագիրը գործում է 30 տարի՝ ևս 10 տարի երկարաձգման հնարավորությամբ։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հնարավոր վաճառքը կարող է հանգեցնել ռուսական բեռների կորստին և «Ռուսական երկաթուղիների» հետ փոխգործակցության դադարեցմանը, ինչպես նաև զգուշացրել է դրա հետ կապված ռիսկերի մասին:
Փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն առաջարկել է ռուսական կողմին դիտարկել կոնցեսիան բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին վաճառելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ՝ նա նշել էր, որ ռուսական կոնցեսիան Հայաստանի համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»:
