Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Կադարյանն անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ գործընթացներին, ներդրումային միջավայրին, էներգետիկ ոլորտի զարգացումներին և հնարավոր տնտեսական հետևանքներին։
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի շուրջ ընթացող գործընթացը քաղաքական բնույթ ունի, իսկ ժամանակավոր կառավարման ընթացքում իրականացվող քայլերը չեն բխում ոլորտային տրամաբանությունից։ Կուսակցության անդամը նշել է, որ ՀԷՑ-ի՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մասնաճյուղերում «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ, ինչպես նաև ՔՊ-ի հետ փոխկապակցված մարդկանց է նշանակում։
«ՀԷՑ-ը նախընտրական կառույց է դարձել»,- հավելել է նա՝ նկատի ունենալով առաջիկա ԱԺ ընտրություններն ու այդ նշանակումների հնարավոր ազդեցությունը կառույցում։
Կադարյանը նաև ընդգծել է, որ այսպիսի գործընթացները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ներդրումային միջավայրի վրա։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացները նաև նվազեցնում են ներդրումների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում։
«Եթե մոտավորապես միլիարդանոց ընկերությունն այսպես կոպիտ ձևով խլվում է, չեմ կարծում, որ աշխարհում լինի մի կորպորացիա կամ պետություն, որը կփորձի ներդրում անել Հայաստանում»,- ասել է նա։
Կադարյանի գնահատմամբ՝ ներդրողների մոտ արդեն ձևավորվել են ռիսկեր Հայաստանի նկատմամբ։
«Եթե այսօր հնարավոր է բիզնեսը վերցնել այս կամ այն հիմքով, ապա վաղը նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած ներդրողի հետ»,- նշել է Կադարյանը՝ հավելելով, որ նման մտահոգություններ ունեն տարբեր երկրներից ներդրողները՝ եվրոպական, ամերիկյան, չինական։
Կադարյանը անդրադարձել է նաև հնարավոր միջազգային իրավական հետևանքներին՝ հիշեցնելով, որ արդեն կա Ստոկհոլմի արբիտրաժում քննվող գործ։
«Հայցագինը 500 մլն դոլարից ավելի է, և պարտվելու դեպքում Հայաստանը կարող է վճարել այդ գումարը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ վերջնական գումարը կարող է փոփոխվել դատական գործընթացի ավարտին։
«Խնդիրը միայն մեկ ընկերության մասին չէ, այլ ամբողջ համակարգի և երկրի ներդրումային միջավայրի»,- շեշտել է Կադարյանը։
Կադարյանը նաև նշել է, որ Հայաստանի շուկան փոքր է երկրորդ բաշխիչ ընկերության ստեղծման համար։
«Շուկան այնքան փոքր է, որ երկրորդ ՀԷՑ ստեղծելը պարզապես չի արդարանալու»,- ընդգծել է նա՝ նկատելով, որ սա հեռահաղորդակցության շուկա չէ, որտեղ հնարավոր է մի քանի օպերատորների գործունեություն։
Կադարյանը խոսել է նաև պարենային անվտանգության մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար դա ռազմավարական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ արտաքին կախվածության բարձր մակարդակը լուրջ ռիսկեր է ստեղծում երկրի համար, հատկապես՝ ճգնաժամային իրավիճակներում։
Նա նշել է, որ անհրաժեշտ է զարգացնել տեղական արտադրությունը և նվազեցնել ներմուծման վրա կախվածությունը։
«Պարենային անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այև ազգային անվտանգության բաղադրիչ է։ Իշխանությունը, սակայն, պարենային անվտանգության քայլեր չի իրականացնում»,- հավելել է Կադարյանը։
Անդրադառնալով անասնապահությանը՝ Կադարյանը նշել է, որ ոլորտը Հայաստանում ունի մեծ ներուժ, սակայն այն ամբողջությամբ չի օգտագործվում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պետական աջակցության ծրագրերի վերանայում և արտադրության խթանում, որպեսզի հնարավոր լինի ավելացնել տեղական մսի և կաթնամթերքի արտադրությունը։
Նա ընդգծել է, որ անասնապահության զարգացումը կարող է էական դեր ունենալ պարենային անվտանգության ապահովման գործում՝ նվազեցնելով ներմուծման կախվածությունը և ապահովելով ներքին պահանջարկի բավարարումը։
Կադարյանը նաև հայտարարել է, որ գործազրկության ցուցանիշները, որոնք հրապարակվում են պաշտոնական վիճակագրությամբ, չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով, կուսակցության անդամների մարզային այցերը ցույց են տալիս, որ գործազրկությունը մասնավորապես մարզերում նույնիսկ 30-40% է հասնում։
Կադարյանը անդրադարձել է նաև տեքստիլ արդյունաբերությանը՝ ընդգծելով, որ ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ունի մարդկային ռեսուրս և փորձ, սակայն ոլորտը չի օգտագործվում ամբողջ ներուժով։
Նա նշել է, որ անհրաժեշտ է խթանել տեղական արտադրությունը և ստեղծել պայմաններ, որպեսզի հայկական տեքստիլը կարողանա մրցունակ լինել արտաքին շուկաներում։
«Մենք ունենք ներուժ՝ զարգացնելու թեթև արդյունաբերությունը, սակայն դրա համար պետք է հստակ պետական քաղաքականություն»,- ասել է նա։
Կադարյանի գնահատմամբ՝ տեքստիլ ոլորտի զարգացումը կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և գործազրկության նվազմանը՝ հատկապես մարզերում։ Նրա խոսքով՝ սա այն ուղղություններից է, որտեղ հնարավոր է արագ արդյունք ստանալ՝ ճիշտ կառավարման և ներդրումների դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
