Սարգսյան. Անդրանիկ Քոչարյանն իր ամբիցիայով պետության համար կարևոր նախագիծ է տապալել

Սարգսյան. Անդրանիկ Քոչարյանն իր ամբիցիայով պետության համար կարևոր նախագիծ է տապալել

6 ապրիլի 2026 – 17:01 AMT

PanARMENIAN.Net – ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «իր ամբիցիայով պետության համար կարևոր նախագիծ է տապալել», հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Ապրիլի 6-ին հանձնաժողովում քննարկվել է «Զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հայտնի է որպես «փողով բանակից ազատվելու» տարբերակ, սակայն այն հերթական անգամ դրական եզրակացություն չի ստացել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, կնշանակի ոչինչ չասել։ Տարիներով արձանագրելով բանակի խնդիրները՝ ես նպատակ եմ ունեցել, պայքարել եմ, որ մենք վերացնենք էդ խնդիրները, ստեղծենք մի միջավայր, որտեղ կլինի արդարություն, որտեղ հարուստի երեխաները բանակից չեն ազատվի քաղաքացիությունից հրաժարվելու, կեղծ առողջական թղթեր սարքելու, երկիրը լքելու, ուսման մեկնելու կամ այլ պատրվակներով, և ծառայությունը բաժին չի հասնի մեծամասամբ սոցիալական խոցելի խավերում գտնվող անձանց։ Ուզել եմ, որ մենք էս մարդկանց բերենք պարտադիր ծառայության և նաև նրանցից մեծ գումարներ հավաքագրենք, որ կուղղենք ամբողջ ժամկետով ծառայողներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը բազմիցս քննարկվել է տարբեր ձևաչափերով և արժանացել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությանը, իսկ Անդրանիկ Քոչարյանը նախկինում դրական է արտահայտվել դրա վերաբերյալ։

Սարգսյանը նշել է, որ նախագիծը պետք է քննարկվեր դեռ նախորդ տարի, սակայն Քոչարյանի գործուղման պատճառով գործընթացը հետաձգվել է։ Նրա պնդմամբ՝ Քոչարյանը չի ցանկացել, որ իր բացակայությամբ նիստ անցկացվի, ինչի հետևանքով ժամանակ է կորցվել։ Ավելի ուշ, ըստ Սարգսյանի, փորձ է արվել նիստ անցկացնել առանց նրա, սակայն այն չի կայացել քվորումի բացակայության պատճառով։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, ըստ Սարգսյանի, Քոչարյանը հայտարարել է, թե առաջին անգամ է լսում նախագծի մասին և հարց է բարձրացրել՝ ինչպես կարելի է գումարով ազատվել ծառայությունից։

Պատգամավորը նաև նշել է, որ այս ընթացքում զգալիորեն աճել է քաղաքացիությունից հրաժարվողների թիվը՝ հասնելով տարեկան մոտ 3000-ի՝ նախկին 2000-ի փոխարեն։

«Ստացվում է՝ անձնական ամբիցիայով, սիմպատիայով կամ քինախնդրության պատճառով կորցրինք կարևոր նախագիծ։ Որ ես հիմա հնարավորություն ունենամ, կարող է՝ լացեմ էլ։ Բա չե՞ս ասում, որ տալիս ես, քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք»,- ասել է Սարգսյանը։

Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է, որ 18-32 տարեկան քաղաքացիները կարճաժամկետ ծառայության դեպքում վճարեն որոշակի գումար․ մեկ ամիս ծառայելու դեպքում՝ 24 մլն դրամ, իսկ 4 ամիս ծառայելու դեպքում՝ 18 մլն դրամ։ Բացի այդ, առաջարկվել է մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքը սահմանել 15 մլն դրամ, իսկ պարտադիր ծառայության առավելագույն տարիքային շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան։

Leave a Comment