Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խորագույն ահազանգով է արձանագրում, որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը գնալով ավելի ծանր ու վտանգավոր է դառնում: Այս մասին նշված է խորհրդի հայտարարությունում:
Հայտարարությունում ընդգծվում է, որ փաստացի անազատության մեջ պահվելը Դավիթին հասցրել է ոչ միայն ֆիզիկական հյուծման, այլև խոր հոգեբանական ճնշվածության:
«Մեր տեղեկություններով՝ Դավիթին տանջում են անտանելի գլխացավեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կապված են անոթային լուրջ խնդրի հետ։ Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ծայրահեղ թուլացած է, ունի ծանր գլխապտույտ և այլևս ի վիճակի չէ անգամ ինքնուրույն կանգնել։ Սա իշխանական անպատժելիության լկտի ցուցադրություն է»,- նշված է հայտարարությունում։
Ըստ այդմ՝ Դավիթը խեղդվում է, կորցնում գիտակցությունը, տառապում դժոխային գլխացավերից, իսկ պետությունը նրան սպառնում է բանտախցով։
«Երբ ծայրահեղ ծանր, կյանքի համար վտանգավոր վիճակում գտնվող երիտասարդին շարունակում են տանջել կալանքի տակ, դա պետական մակարդակով իրականացվող խոշտանգում է։ Դա հասարակության վրա վախ ծախելու էժանագին ու խղճուկ փորձ է։ Ձեր արածն ուժ չէ։ Սա վախկոտության, քաղաքական իմպոտենցիայի ու բարոյական հատակը ծակելու ուղիղ ապացույցն է»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ սրբավայրի միջադեպը որպես զենք օգտագործելով՝ փորձում են կործանել երիտասարդի կյանքը, ոչնչացնել ընտանիքը և լռեցնել բոլորին։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մինասյանին, ապահովել նրա լիարժեք բուժումը, պատասխանատվության ենթարկել «շինծու գործը կարողներին և դրա հրամանը տվողներին»։
«Եթե այս լկտի ու մարդասպան վարքագիծը շարունակվի, դուք անձամբ եք կրելու Դավիթի առողջությանն ու կյանքին սպառնացող ցանկացած հետևանքի ամբողջ պատասխանատվությունը։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի իր հիվանդագին վախերն ու քաղաքական ցնցումները թափելու հիվանդ դպրոցականի վրա։ Ոչ մի իշխանություն դեռ չի մարսել սեփական ժողովրդի դեմ կիրառված տեռորը»,- նշվում է հաղորդագրությունում։
Մարտի 29-ի պատարագի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Տեսանյութի կադրերը փաստում են, որ երբ վարչապետը մոտեցել էր խորանին, ներկա գտնվող հավատացյալներից ոմանք դժգոհություն էին հայտնել նրա՝ կենտրոնում կանգնելու որոշման առթիվ։
Երբ Փաշինյանն անցել էր 18-ամյա Մինասյանի կողքով, վերջինս քննադատական խոսքեր էր ուղղել նրան, ինչից հետո վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածել էր երիտասարդին։ Միջադեպի հետևանքով բերման էին ենթարկվել Մինասյանը, նրա եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։
Ավելի ուշ վերջին երկուսն ազատ էին արձակվել, իսկ Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվել էր։ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո երիտասարդի առողջական վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։
