6 ապրիլի 2026 – 15:01 AMT
PanARMENIAN.Net – ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ գա մի փուլ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացվի:
«Մի՛ ասա՝ երբե՛ք: Ես չգիտեմ: Աշխարհը շատ անհանգիստ է: Այստեղ ՀԱՊԿ-ի խնդիրը չէ: Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը… ՀԱՊԿ-ը, վերջին հաշվով, երբ որպես ՀԱՊԿ պետք է հանդես գար, ինքը կա՞ր»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:
Քոչարյանը նշել է, որ Մոսկվայում ՀԱՊԿ-ի հետ կապված քննարկումների ժամանակ փորձ էր արվում ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց ՀԱՊԿ-ն անելիք ուներ ՀՀ սահմանների հետ կապված:
«Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակից, մենք 2-3 անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը: Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, ոչ մի հեռանկար չի ունեցել»,-ասել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ:
Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։