Երևանի՝ Եվրոպական քաղաքական համայնքի բարձր մակարդակի հանդիպումը հյուրընկալելու որոշումն իրանական պատերազմի պատճառով ռիսկային է դարձել, Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի խնդրել էր Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներից մեկն անցկացնել Երևանում, որը համաժամանակեցվել է խորհրդարանական ընտրությունների հետ: Ըստ Օսկանյանի՝ այդ խնդրանքն ի սկզբանե նպատակաուղղված էր ներքաղաքական վարկանիշի բարձրացմանը։
«Հաշվարկն ակնհայտ էր. եվրոպացի առաջնորդների ներկայությունն օգտագործել ներքաղաքական վարկանիշը բարձրացնելու համար»,- նշել է Օսկանյանը:
Սակայն, ինչպես ընդգծել է նախկին նախարարը, այսօր տարածաշրջանային իրավիճակը կտրուկ վատթարացել է: Իրանում պատերազմ է ընթանում, լարվածությունը բազմապատկվել է, և Հայաստանը հայտնվել է առավել խոցելի դիրքում:
«Եվրոպական համայնքը, թեև ուղղակի մասնակցություն չունի պատերազմին, սակայն ակնհայտորեն բացասաբար է տրամադրված Իրանի նկատմամբ»,- հայտարարել է Օսկանյանը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանին այս պայմաններում անհրաժեշտ է զգուշավոր և հաշվենկատ արտաքին քաղաքականություն, այլ ոչ թե նախընտրական ցուցադրական քայլեր:
«Դժվար է չհանգել այն եզրակացության, որ եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված հանդիպումը: Բայց նա չի կարող»,- ընդգծել է Օսկանյանը:
Փաշինյանը 2025 թվականի մայիսին հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանել են գագաթնաժողովի անցկացման համար միմյանց թեկնածությունները։ Փաշինյանը 2022-ին Պրահայում` հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
