6 ապրիլի 2026 – 11:15 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։
«Երեքշաբթի օրը կլինի Էլեկտրակայանների և կամուրջների օր Իրանում՝ բոլորը միասին։ Այսպիսի բան երբեք չի՛ եղել: Բացեք (անիծյալ) Նեղուցը, դուք խելագար սրիկաներ, հակառակ դեպքում կապրեք դժոխքում՝ դե կտեսնե՛ք, փառք Ալլահին», գրել է Թրամփը:
Միևնույն ժամանակ ապրիլի 5-ին Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ, իր կարծիքով, կա «լավ հնարավորություն» արդեն ապրիլի 6-ին համաձայնության հասնելու Իրանի հետ՝ մինչև իր սահմանած ժամկետի ավարտը, գրում է BBC-ն:
«Կարծում եմ՝ վաղը լավ հնարավորություններ կան, այժմ բանակցություններ են ընթանում: Եթե նրանք գործարք չկնքեն և դա արագ չանեն, ես դիտարկում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերահսկելու հնարավորությունը»,-ասել է նա:
Ապրիլի 5-ի երեկոյան Թրամփը հրապարակել է ևս մեկ կարճ գրառում, որից կարելի է ենթադրել, որ նա որոշել է վերջնագրի ժամկետը երկարաձգել ևս մեկ օրով՝ մինչև երեքշաբթի։
«Երեքշաբթի, 20:00 արևելյան ժամանակով» — գրել է նա՝ առանց մանրամասների։
Թրամփի հայտարարությունների ֆոնին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահի գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ սրման։
Պատասխանելով սպառնալիքներին՝ նա հայտարարել է, որ «անխոհեմ գործողությունները» կհանգեցնեն նրան, որ «ամբողջ տարածաշրջանը կլինի կրակի մեջ»։
«Ձեր անխոհեմ գործողությունները Միացյալ Նահանգներին ներքաշում են իրական դժոխք յուրաքանչյուր ընտանիքի համար, և մեր ամբողջ տարածաշրջանը կլինի կրակի մեջ, որովհետև հետևում եք Նեթանյահուի ցուցումներին», — գրել է նա X սոցիալական ցանցում՝ նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ «միակ իրական լուծումը իրանական ժողովրդի իրավունքները հարգելն է և այս վտանգավոր խաղի դադարեցումը»։
Հորմուզի նեղուցի արգելափակումը, որը համաշխարհային նավթային առևտրի կարևոր ուղիներից է, արդեն հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի և ուժեղացրել է ճնշումը համաշխարհային տնտեսության վրա։
Ավելի վաղ Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Իրանի և Օմանի փոխնախարարների հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվել են նեղուցով ազատ նավարկությունը ապահովելու հնարավոր տարբերակները։
Բանակցություններին մասնակցել են նաև երկու երկրների փորձագետներ, որոնք ներկայացրել են մի շարք առաջարկներ, սակայն հանդիպման արդյունքների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։
ԱՄՆ-ի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու սպառնալիքները Թեհրանը գնահատել է որպես Վաշինգտոնի կողմից «ռազմական հանցագործությունների ընդունում»։ Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Իրանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով նաև ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ հարվածելու իրանական էներգետիկ օբյեկտներին, այդ հայտարարությունները գնահատել է որպես ռազմական հանցագործությունների կատարման բացահայտ ընդունում>, — նշված է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ն գործողության հենց սկզբից հարվածներ է հասցրել Իրանի արդյունաբերական, էներգետիկ, կրթական, բժշկական և միջուկային ենթակառուցվածքներին։ Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԳԱՏԷ-ին անհապաղ դատապարտել այդ հարձակումները։
Իրանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում X սոցիալական ցանցում դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ կապված երկրի տարածքում էներգետիկ օբյեկտներին և կամուրջներին հնարավոր հարվածների հետ։
«Սա ուղղակի և հրապարակային դրդում է ահաբեկչության քաղաքացիական բնակչության դեմ և ակնհայտ վկայություն ռազմական հանցագործություն կատարելու մտադրության մասին», — նշված է հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը «գործել հենց հիմա», որպեսզի կանխվի նման զարգացումը։
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը Մերձավոր Արևելքում հանգեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացության գրեթե լիակատար դադարեցման, որը հանդիսանում է նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման կարևոր ուղի արաբական երկրներից։ Արդյունքում աշխարհի բազմաթիվ երկրներում վառելիքի գները բարձրացել են։ Ներկայումս նեղուցով անցումը թույլատրվում է միայն Իրանի հետ բարեկամական համարվող երկրներին։ Tasnim-ի տվյալներով՝ դրանց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրաքը և Պակիստանը։ ԱՄՆ-ը կոչ է արել մի շարք եվրոպական և ասիական երկրներին ուղարկել նավեր տարածաշրջան՝ անցուղու բացումը ապահովելու համար, սակայն շատերը հրաժարվել են այդ քայլից։
Վերջին օրերին Թեհրանը առաջարկել է մշակել «Хвրմուզյան պակտ», որը կսահմանի նեղուցի օգտագործման կանոնները ասիական և արաբական երկրների համար։