Սաղաթելյանը՝ ՔՊ ծրագրի մասին․ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր

Սաղաթելյանը՝ ՔՊ ծրագրի մասին․ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր

6 ապրիլի 2026 – 11:54 AMT

PanARMENIAN.Net – Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ «Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր», հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրին:

«Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։

Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։

Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում նրանք 2021 թվականի արտահերթ ընտրություններին։ Խոստանում էին Արցախի կարգավիճակ, «անջատում հանուն փրկության», «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», խոստանում էին խաղաղություն և անվտանգություն ու ձեզնից խնդրում էին «պողպատե մանդատ» դա իրականացնելու համար։

Իսկ ի՞նչ արեցին իրականում. իրականացրին այն ամենը, ինչ պահանջում էր Ալիևը։ Հանձնեցին Արցախը, հանձնեցին մեր սուվերեն տարածքները, թշնամուն բերեցին մեր տներին մոտ։

Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այն ամենը, ինչ գրված է այս ծրագրում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև Եկեղեցու դեմ հարձակում և այսպես կոչված «միջանցքների» բացում, Ալիևի ու Էրդողանի երազանքն է, որն այսօր դրված է ձեր սեղանին՝ որպես «իշխանության ծրագիր»։ Իսկ աշխարհիկ պետության մեջ կուսակցական ծրագրով կաթողիկոսին «հեռացնելու» կամ «տեղապահ ընտրելու» դրույթ գրելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բնորոշ է բոլշևիկյան բռնապետություններին։

Ուստի, այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին»,-գրել է նա:

Հանրապետական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է:

Նա նշել է, որ թե՛ պատերազմներում, թե՛ ընտրություններում հաղթանակը կամ պարտությունը ձևավորվում է դեռևս դրանց մեկնարկից առաջ։ Նրա գնահատմամբ՝ նույն օրինաչափությունը գործում է նաև ընտրական գործընթացներում։

«Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին և աջակցելու է ընդդիմադիր ամենամեծ վարկանիշն ունեցող ուժին՝ Սամվել Կարապետյանին: Նույնը հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Այլ ուժեր էլ:

ՀՀԿ-ն ևս հայտարարեց, որ չի մասնակցելու, ինչը փաստացի նույն բանն է՝ իրենց ձայները մեծավմասամբ գնալու են ընդդիմադիր առանցքային ուժին: Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը ի սկզբանե էր հայտարարել, որ խրախուսում են Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր մեծ ճակատի ձևավորումը և մտածում եմ, որ կգնան հենց այդ ճանապարհով:

Այս ամենը հույսի պատուհան է: Ու նման որոշում կայացրած անձինք հարգանքի են արժանի, որ իրենց օրինակով բոլորին հուշել են՝ կա մեկ գերխնդիր, ու դա Նիկոլի հեռացումն է: Մնացած ամեն ինչ այս դեպքում երկրորդական է:

Հուսանք, որ ընդդիմության միավորման այս դրական միտումն առաջիկայում ևս կշարունակվի ու ընտրություններին քաղաքական ընդդիմությունը կներակայանա միացյալ ճակատով, ինչի պարագայում Նիկոլը վերարտադրվելու զրոյական շանս է ունենալու:

Սեփական ամբիցիաների պատճառով՝ քաղաքական ընդդիմության միավորման ճանապարհին կանգնողներն ու ձայներ փոշիացնողները նիկոլից նիկոլ պիտի լինեն, որ նման բան անեն: Նժարին առանց չափազանցության Հայաստանի գոյության հարցն է:

Պնդում եմ հազարերորդ անգամ՝ հունիսի 7-ին Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է՝ սև կամ սպիտակ ընտրությունը»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment