Ռուսաստանը կկարողանա՞ խառնել Հարավային Կովկասը •

Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից տառացիորեն մեկ օր հետ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Դոլմաբահչե» նստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:

Այդ մասին «Անադոլու» պետական գործակալության տարածած տեղեկատվությունը ստանդարտ է: Turkiye իշխանական պարբերականը, մինչդեռ, մեջբերել է Զելենսկու սոցցանցային գրառումը, որտեղ նա անդրադարձել է Պարսից ծոցի արաբական միապետություններ այցին, ռազմական ոլորտում ձեռք բերված համաձայնություններին և հավելել, որ «Ուկրաինայի ներուժի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում նա Հորդանանը և Թուրքիան, ինչպես նաև այլ երկրներ, որ շահագրգռված են մարդկային կյանքի պաշտպանությամբ, խաղաղությամբ և կայունությամբ»:

Israel Inside-ը, հղելով «իրավիճակին լավատեղյակ աղբյուրների», հայտնել է, որ Զելենսկու Թուրքիա աշխատանքային այցի հիմնական նպատակը «կողմերի միջև ռազմական, տեխնոլոգիական և ռազմական արդյունաբերության բնագավառներում համագործակցության մասին պայմանագրի քաղաքական հիմքի ամրագրումն» է:

Ըստ այդ, Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները «մի քանի ամիս է, աշխատում են պայմանագրի տեքստի վրա և այն հասցրել են եզրափակիչ փուլի»: Փաստաթղթի ստորագրումն «այլևս կախված է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների քաղաքական վճռականությունից»:

Կարելի է ենթադրել, որ ստամբուլյան հանդիպմանը նման «վճռականություն դրսևորվել» է: Այդ է, թերևս, վկայում «Անադոլուի» տեղեկատվության այն ընդգծումը, որ Էրդողանը «գոհունակություն է հայտնել Ուկրաինայի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունների առթիվ»:

Հարկ է նկատել, որ Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիր ավելի վաղ ստորագրել է Թուրքիան:

Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, Պուտինը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ուկրաինայի կողմից Սև ծովում «նավագնացության խոչընդոտմանը» և զգուշացրել, որ Կիեւը «ահաբեկչական գործողություններ է նախապատրաստում «Թուրքական հոսք» գազատարի դեմ:

Պուտինը Էրդողանին առաջարկել է այդ ծրագրավորումների դեմ «պայքարում կոորդինացնել ջանքերը»:

Մեկ օր հետո, ինչպես պարզ է դառնում Թուրքիայի նախագահի գրասենյակի սոցցանցային գրառումից և մամուլի հրապարակումներից, Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է պաշտպանության, տարածաշրջանային անվտանգության և ռազմատեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարը:

Ակնհայտ է, որ Թուրքիան ոչ մի չի կիսել Սև ծովում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի անհանգստությունները, այլեւ այդ և գլոբալ անվտանգության հարցերում դաշնակից է ընտրում Ուկրաինային:

Ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում կբացահայտվի նաև Ուկրաինա-Ադրբեջան ռազմավարական դաշնակցությունը: Այս համատեքստում Հայաստանի հասցեին Մոսկվայից հնչող «կշտամբանքները» խորքային գնահատման կարիք ունեն:

Արդյոք Ռուսաստանը Հարավային Կովկասը «խառնակելու» բավարար ռեսուրսներ ունի՞:

Leave a Comment