Բրիտանական նավատորմը հայտնել է Պարսից ծոցում կրիտիկական իրավիճակի մասին

Պարսից ծոցում իրավիճակը շարունակում է կրիտիկական մնալ, մեկ ամսից ավել ժամանակահատվածում գրանցվել է նավերի և նավահանգստային ենթակառուցվածքների վրա 27 հարձակում, ասվում է Թագավորական նավատորմի ծովային առևտրային գործողությունների կենտրոնի (UKMTO) հայտարարության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում տարածաշրջանային ծովային սպառնալիքի միջավայրը շարունակում է մնալ կրիտիկական», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ մարտի 1-ից ի վեր Թագավորական նավատորմը ստացել է 27 միջադեպի մասին հաղորդագրություններ, մինչդեռ Հորմուզի նեղուցով ամեն օր անցնող նավերի թիվը 138-ից նվազել է մինչև 8։

Հաղորդվում է, որ վերջին միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, երբ անհայտ բեկորներ են ընկել ԱՄԷ-ի Խոր Ֆակկան նավահանգստի մոտ բեռնաթափող բեռնատար նավի մոտ։ Տեղական իշխանությունները հետագայում հայտնել են, որ նավահանգստում հրդեհը առաջացել է ավերված անօդաչու թռչող սարքի բեկորներից։ Մեկ մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:

Leave a Comment