Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 14 մարդ – armeniatoday.am

Առնվազն 14 մարդ է զոհվել Լիբանանի ողջ տարածքում իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում է Al Jazeera-ն։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարվածներ են հասցվել երկրի հարավային շրջաններին և Բեյրութի հարավային արվարձաններին։ Քաղաքում զոհվել է առնվազն չորս մարդ, ևս 10-ը, այդ թվում՝ վեց հոգուց բաղկացած մի ընտանիք, դարձել են երկրի հարավում իրականացված հարձակումների զոհ։

Բեյրութի Ջնահ թաղամասին հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է 39 մարդ. այն տեղի է ունեցել Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոցից մոտ 100 մետր հեռավորության վրա։

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է թևավոր հրթիռով իսրայելական ռազմական նավին հարվածելու մասին՝ ափից 126 կմ հեռավորության վրա։ Իսրայելական բանակը հարվածը չի մեկնաբանել, տեղեկատվության անկախ հաստատում չկա։

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի հետ սահմանին գտնվող Մասնաա սահմանային անցակետին հարվածելու մտադրության մասին, որը Լիբանանի համար առևտրային առանցքային երթուղի է։ Այդ հայտարարությունից հետո անցակետը տարհանվել է և ժամանակավորապես փակվել։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1400 մարդ, այդ թվում՝ 126 երեխա, ավելի քան 1,2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

Իսրայելական զորքերի՝ դեպի հարավային Լիբանանի խորքն առաջխաղացման ֆոնին, երկրի նախագահ Ժոզեֆ Աունը կոչ է արել բանակցություններ վարել Իսրայելի հետ՝ հայտարարելով «դեռևս չավերված տները փրկելու» անհրաժեշտության մասին։

Իսրայելը Լիբանանի տարածքին լայնածավալ հարվածներ է սկսել «Հեզբոլլահի» կողմից հրթիռային հարձակումների վերսկսումից հետո։ Հարվածների տակ են հայտնվել երկրի հարավային շրջանները, Բեկաայի հովիտը և Բեյրութի արվարձանները։ Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողության մեկնարկի մասին։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ժամանակ իր զորակցությունն է հայտնել լիբանանցի ժողովրդին՝ կոչ անելով պահպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը։ Ավելի ուշ նա դիմել է Մերձավոր Արևելքի հայերին՝ համախմբման կոչով։

Leave a Comment