ԵՄ-ին անդամակցությունը կարող է կանգնեցնել հայ-ռուսական ավիահաղորդակցությունը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախազգուշացրել է Եվրոպական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության ամբողջական դադարեցմանը։

«Այսօր Եվրոպական միության երկրների հետ [Ռուսաստանը] չունի ավիացիոն հաղորդակցություն, ինչը նշանակում է, որ մենք չենք ունենա ավիացիոն հաղորդակցություն նաև Հայաստանի հետ»,— նշել է Օվերչուկը:

Նա հավելել է, որ ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն պաշտոնական Երևանի ընտրած քաղաքական կուրսի պոտենցիալ ռիսկերը։

ՌԴ փոխվարչապետի դիտարկմամբ՝ չնայած հարաբերությունների սերտացմանը միտված հայտարարություններին, անհասկանալի է մնում, թե տնտեսական առումով ինչ կշահի Հայաստանը նման տրանսֆորմացիայի արդյունքում։

Նա շեշտել է՝ Մոսկվան ուզում է, որ հանրությունը հասկանա աշխարհաքաղաքական նոր ընտրության տնտեսական և լոգիստիկ գինը:

«Գուցե սա հնչում է շատ կոշտ, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում մարդիկ հասկանան՝ եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա հենց Եվրոպական միության հետ մերձեցման որոշումների պատճառով», – նշել է նա։

Միաժամանակ, Օվերչուկի կարծիքով, անհայտ է մնում, թե վերջնարդյունքում ինչ կշահի Հայաստանը ԵՄ-ին անդամակցությունից:

Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել էին, մասնավորապես, Երևանի հարաբերությունները Եվրոպական միության հետ և Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

Leave a Comment