Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ անօրինական և չհրահրված ռազմական ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը. հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և նրա ավստրիացի գործընկերուհի Բեատե Մայնլ-Ռայզինգերը քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի և իսրայելական վարչակարգի՝ Իրանի դեմ սանձազերծած պատերազմի անվտանգային ու տնտեսական հետևանքները։
Մայնլ-Ռայզինգերը մտահոգություն է հայտնել համաշխարհային անվտանգության և տնտեսության վրա հակամարտության ավելի լայն ազդեցության վերաբերյալ՝ ընդգծելով պատերազմը դադարեցնելու համար դիվանագիտությանը դիմելու կարևորությունը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել, որ Ավստրիան միջնորդական ջանքեր ներդնի իրավիճակի լիցքաթափմանը նպաստելու համար։
Արաղչին, իր հերթին, մանրամասներ է ներկայացրել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների մասին. գրում է իրանական գործակալությունը։
Նա ընդգծել է, որ բոլոր կառավարությունները պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու համար, ներառյալ ռազմական հանցագործությունները և Իրանի արդյունաբերական ենթակառուցվածքների, ինչպես նաև դպրոցների, հիվանդանոցների ու համալսարանների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները։
Իրանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը վճռական է օգտագործել իր բոլոր հնարավորությունները ինքնիշխանությունը, ազգային շահերը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Նա նաև քննադատել է որոշ եվրոպական երկրների դիրքորոշումը՝ մեղադրելով նրանց բացառապես «պատերազմի տնտեսական հետևանքների վրա կենտրոնանալու և ԱՄՆ ագրեսիայի անօրինական ու հանցավոր բնույթն անտեսելու մեջ»։
Ըստ Արաղչիի, տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակը, ներառյալ իրադարձությունները Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական պատերազմի ուղղակի հետևանքն են։ Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է գործի պատասխանատու կերպով՝ ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Խոսելով Հորմուզի նեղուցում Իրանի ձեռնարկած միջոցների մասին՝ Արաղչին ասել է, որ այդ գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին և նպատակ ունեն կանխել ագրեսորների ու նրանց գործընկերների կողմից ջրային ուղու օգտագործումը թշնամական նպատակներով։
Նա հավելել է, որ ոչ թշնամական նավերը կարող են համակարգել իրենց գործողությունները Իրանի հետ՝ նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև մի շարք հյուպատոսական հարցեր և ընդգծել Իրանի ու Ավստրիայի միջև տարբեր մակարդակներում դիվանագիտական փոխգործակցությունը շարունակելու կարևորությունը։