ԱՄՆ-ն օդաչուի փրկության գործողության ընթացքում հարվածներ է հասցրել երկու նահանգի. առնվազն 9 զոհ կա

ԱՄՆ ուժերը Իրանի վրա խոցված F-15E կործանիչի օդաչուի փրկության գործողության ընթացքում հարվածներ են հասցրել Քոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ. հայտնում է Fars-ը։

Եվս 8 մարդ վիրավորվել է։

Իրանական լրատվամիջոցը, վկայակոչելով բժշկական ծառայություններին, հայտնել է, որ Քոհգիլույե շրջանի Քո Սիահ տարածքում հարձակման հետևանքով հինգ մարդ է սպանվել, ութը՝ վիրավորվել։

Եվս չորս մարդ սպանվել է Բոյեր-Ահմադ շրջանի Վազգ և Քաքան տարածքներում։

Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հերքել էր Վաշինգտոնի տեղեկությունն այն մասին, թե ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը փրկել են ամերիկացի օդաչուին։ Հաղորդվում էր, որ գործողությունը ոչ միայն ձախողվել է, այլև խոցվել է C-130 լիցքավորող ինքնաթիռը։

Leave a Comment