Իտալիայի հարավում ձերբակալվել է Կամորայի պարագլուխներից մեկը

Իտալիայի ոստիկանները ապրիլի 4-ին երկրի հարավում ձերբակալել են նեապոլիտանական մաֆիայի՝ Կամորայի կլաններից մեկի առաջնորդ Ռոբերտո Մացարելային։ Այս մասին հայտնել է EFE լրատվական գործակալությունը։

Մացարելան ձերբակալվել է Սալեռնո քաղաքի մոտակայքում գտնվող շքեղ առանձնատանը, որտեղ բնակվում էր կնոջ և երկու երեխաների հետ։ Ձերբակալության ընթացքում դիմադրություն չի ցուցաբերել։

Առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, մի քանի բջջային հեռախոսներ, ձայնագրություններ, որոնք, ենթադրաբար, առնչվում են անօրինական գործունեությանը, և 20 հազար եվրո կանխիկ գումար։

Մացարելան հետախուզվում էր 2025 թվականի հունվարի վերջից, երբ նրան հաջողվել էր խուսափել նախնական կալանքից՝ սպանության կասկածանքով։

Իտալիայի ներքին գործերի նախարարությունը Մացարելային ներառել է ամենավտանգավոր հետախուզվող հանցագործների ցուցակում։

Leave a Comment