ՀՀԿ-ն լքում է ընտրասպարեզը

ՀՀԿ-ն լքում է ընտրասպարեզը

04.04.2026 | 16:43

Վերջին 31 տարիների հանրագումարով՝ Հանրապետական կուսակցությունն առաջին անգամ չի մասնակցում համապետական ընտրություններին: Մինչ այդ խորհրդարանական ընտրություններում երկու անգամ բացարձակ մեծամասնություն ստացած (2012 և 2017 թ.թ.), հանրապետության նախագահի ընտրություններում էլ երկու անգամ հաղթանակ տոնած (2008, 2013) քաղաքական ուժը, իր իսկ առաջնորդի ձևակերպմամբ, նման դժվարին որոշում է կայացրել՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությանն է՛լ ավելի չպառակտելու նպատակադրումով:

«Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին, նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։ Կյանքով և պայքարով կոփված մեր էգոն երբեք չի վերածվել և չի վերածվելու էգոիզմի, դա անթույլատրելի է։ Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք-երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը, դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ»,- ՀՀԿ այսօրվա համագումարում հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Թե ընտրասպարեզն ինքնակամ լքելու այս որոշումն ինչքանով կօգնի իշխանություն դառնալու հայտ ներկայացրած հիմնական ֆավորիտներին, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Արման Թաթոյանի առաջնորդությամբ հանդես եկող քաղաքական ուժերի, դժվար է ասել: Կհաջողվի՞ հանրապետականներին «Գնա՛, որ գնան» նոր կարգախոսով մայրաքաղաքում ու մարզերում այնպիսի քարոզչություն գլուխ բերել, որ բեկումնային մթնոլորտ ստեղծվի ընտրություններից առաջ: Հեշտ խնդիր չեն դրել իրենց առաջ հանրապետականները, մանավանդ, եթե հաշվի առնենք «նախկինների» հանդեպ «ներկաների» գեներացրած կանխակալ նախատրամադրվածությունը:

Բայց որ հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալ իրո՛ք պետք է՝ կասկած չկա: Ընտրողների ցածր մասնակցությունն այս դեպքում բացառապես իշխանության օգտին է, քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը՝ պետության, որի հակոտնյան օրվա քաղաքական մեծամասնությունն է:

Ընտրություններին էլ մնաց 58 օր:

Լիլի Մարտոյան

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Leave a Comment