Ուղիղ 10 տարի առաջ՝ այս օրերին, պատերազմ էր, որը տևեց ընդամենը 4 օր և բոլորիս հիշողության մեջ մնաց որպես Քառօրյա պատերազմ: Այն ավարտվեց ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին, երբ թշնամին նախօրեին պարտադրված էր հրադադար խնդրել։ Ապրիլի 4-ին ՀՀ նախագահի նստավայր հրավիրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների ներկայությամբ ես արդեն հայտարարել էի, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ բնույթ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Հարգելի՛ հանրապետականներ,
Ողջունելով բոլորիդ մեր կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարում, առաջարկում եմ, մինչ մենք կանցնենք այսօրվա մեր աշխատանքին, հիշենք և հարգանքի տուրք մատուցենք Քառօրյա պատերազմում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակ հերոսների լուսավոր հիշատակին։ Նրանք աներևակայելի խիզախության և անձնազոհության բազում օրինակներ են ցույց տվել։
Երախտագիտություն հայտնենք այն բոլոր զինվորականներին՝ բարձրագույն հրամանատարական կազմից մինչև շարքային զինվոր, ովքեր այդ պատերազմում ագրեսոր թշնամու պլանները ձախողեցին և մի քանի օրում պարտադրեցին հրադադար։
Մեկ րոպե լռությամբ հարգենք, ինչպես Քառօրյա պատերազմում, այնպես էլ բոլոր ժամանակներում, մեր Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների անմահ հիշատակը։
Փա´ռք և պատի´վ նրանց:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի արդյունքները մեր բանակի ուժի, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, համազգային կամքի և միասնականության վկայությունն են։
Եվ այսօր, երբ լրանում է Քառօրյա պատերազմի տասնամյակը, մենք պարտավոր ենք հիմնավորապես գնահատել այդ օրերի իրադարձությունները, դրանց ազդեցությունը բանակցային գործընթացի վրա և մեր երկրի ներքաղաքական կյանքում։
Ակնհայտ է, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսած հակառակորդի նպատակները ձախողվեցին, որովհետև նա չկարողացավ ոչ միայն կոտրել մեր պաշտպանական առաջնագիծը, այլև մեր միասնականությունը, հավատը և արժանապատվությունը։
Այդ օրերին համախմբված աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ իր ընտրությունն արժանապատիվ խաղաղությունն է, իսկ ինքնապաշտպանությունը՝ իր բնօրրանում անվտանգ ապրելու երաշխիքը և անօտարելի իրավունքը։ Այդ օրերին թե´ հայկական բանակը, թե´ հայկական դիվանագիտությունը միասին ծառայում էին երկու հայկական պետությունների և հայ ժողովրդի շահերին։
Բայց դրսից ֆինանսավորվող տարբեր կազմակերպություններ կարճ ժամանակ անց սկսեցին նպատակաուղղված հերյուրանքներ տարածել՝ իբր հայկական կողմը ունեցել է մեծաթիվ զոհեր, զինվորները ունեցել են զինամթերքի և սննդի պակաս, զինտեխնիկան ապահովված չի եղել դիզվառելիքով և տարատեսակ վարկաբեկիչ, անհիմն բամբասանքներ ու մեղադրանքներ Հայկական բանակի վերաբերյալ:

2018թ. իշխանազավթումից հետո, բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով և ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն և զազրախոսություն։ Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը և մեր միասնությունը։
Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունն իր բանակով՝ Հայրենիքի պողպատե վահան։ Պայքարի օրեր էին, արժանապատվության օրեր, միասնության, հերոսությունների ու ճակատագրական օրեր։
Դրա մասին ես հանգամանորեն խոսել եմ և´ քննիչ հանձնաժողովում, և´ իմ առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ի դեպ, այսօր ցանկանում եմ կրկին անդրադառնալ պարբերաբար քարոզչական դաշտ նետվող այն թեզին, թե «ինչո՞ւ նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցիք»։
Անշուշտ, հիշում եք՝ 2008թ․-ին, օգտվելով ներհայաստանյան քաղաքական խժդժություններից, Ադրբեջանը ձեռնարկեց դիվանագիտական հարձակում և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացրեց Մադրիդյան սկզբունքներին հակասող բանաձև։ Այդ բանաձևին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները։ Այն չստացավ նաև ԵՄ անդամ երկրների աջակցությունը։
Եվ այդ ժամանակ ես Մինսկի խմբի համանախագահող երկրներին փոխանցեցի, որ Հայաստանը երկու դեպքում կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը. առաջին՝ եթե լինի երկարատև լայնածավալ պատերազմ, և 2-րդ՝ եթե Մինսկի խմբի համանախագահները չսաստեն ադրբեջանական դիվանագիտական ոտնձգությունները՝ Արցախի հարցի լուծումը տեղափոխելու այլ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակ։
Երբ Հայաստանի կառավարիչներն են շահարկում այս հարցը, ապա արձագանքս շատ պարզ է։ Արցախի ճանաչումը այս 2 առիթներից դուրս ինքնին կբերեր միջազգային հանրությունից Հայաստանի մեկուսացմանը և լայնածավալ պատերազմի։ «Նախկինների օրոք» լայնածավալ պատերազմ չի եղել։ Չի եղել մեր մարտունակ բանակի և մեր դիվանագիտական արդյունավետ աշխատանքի շնորհիվ, հետևաբար բանակցային գործընթացը հարվածի տակ չի դրվել։ Սրանց օրոք 2020թ.-ի պատերազմը, ցավոք, արդեն լայնածավալ մասշտաբ էր ընդունել, աղետալի հետևանքներ ուներ և չկանգնեցվեց մի վախկոտ պոպուլիստի պատճառով ու ձգվեց 44-օր, ինչ է թե՝ իրեն դավաճան չասեն։
Հարց եմ տալիս՝ եթե այս բոլոր գործոնները կային՝ լայնածավալ և երկարատև պատերազմ, որն, ի հակառակ միջնորդական ջանքերի, կանգ չէր առնում, ապա ինչո՞ւ չճանաչեցիք Արցախը։ Էլ ի՞նչ կարող էր լինել այդքանից հետո։
Իսկ երբ նման պնդումներ հնչում են դրսից, թե՝ անգամ դուք չճանաչեցիք, մեզնից ի՞նչ եք ուզում, ես հասկանում եմ, թե ինչո՞ւ, ի՞նչ քաղաքական նպատակահարմարությունից կամ պահի շահերից ելնելով են դա անում։ Բայց, փառք Աստծո, բանակցային գործընթացի մասնակիցները դեռ կան, և մի՞թե նրանք չգիտեն, որ հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ էինք պայմանավորվել՝ չշտապել, չհրահրել պատերազմ և չձախողել Մինսկի խմբի աշխատանքները։
Մեկ բան ակնհայտ է, որ եթե 2016 թվականի հաղթանակից հետո մեր ժողովրդի մեջ վերստին ամրապնդվել էին ազգային բարձր արժանապատվության, միասնականության, հայոց բանակի նկատմամբ հավատի զգացումները, ինչպես նաև բանակցային սեղանի շուրջ հայկական կողմի դիրքերը, ապա, ցավոք, 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո ապազգային, կապիտուլյանտ կառավարիչների գործունեության հետևանքով Հայաստանում ձևավորվեց ներքաղաքական ծանր ճգնաժամ, հուսահատություն, անվստահություն սեփական ուժերի նկատմամբ և հասարակության բևեռացում, իսկ բանակցային սեղանի շուրջ փոխզիջումները փոխարինվեցին միակողմանի զիջումներով։
Աշխարհում չգրված օրենք կա՝ կապիտուլյացիայի ենթարկված երկրի ղեկավարը պետք է հեռանա։ Հակառակ դեպքում երկիրը կրում է անդառնալի և անհամաչափ կորուստներ։ Ավաղ, Հայաստանի կառավարիչը պետությունը պաշտպանելու փոխարեն նախընտրեց պահել իր աթոռը, և մենք, ցավոք, կորցրինք մեր հայրենիքի մի մասը: Իսկ մյուս մասին՝ Հայաստանի Հանրապետությանը, շարունակում է վտանգ սպառնալ:
Հարգելի´ կուսակից ընկերներ,
Այսօր մեր համագումարում արծարծվելիք կարևոր հարցերից մեկը Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ։ Ինչպես գիտեք, երեք օր առաջ կուսակցության Գործադիր մարմինը որոշում կայացրեց զերծ մնալ համապետական այդ ընտրություններին մասնակցությունից։
Ես գիտեմ, որ այդ որոշումը մի մասի սրտով չէ։ Ես գիտեմ, որ մենք, ճիշտ աշխատանքի դեպքում, կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ չորս տոկոսի շեմը։
Բայց ես գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից։ Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Անցած տարիները ի լրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը:
Եվ վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը։
Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը՝ չմասնակցելը չպայքարել չէ։
Բայց մինչ մեր կողմից ընդդիմադիր մյուս առողջ ուժերին առաջարկվող մի քանի նախաձեռնությունների մասին խոսելը, ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի.
Ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը։
Բ) Հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած նախկինները խանգարում են իշխանափոխություն անել։
Գ) Քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, նեղ կուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք։
Դ) Եվ վերջապես այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները, գրեթե առանց բացառությունների, պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին: Այսինքն՝ մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։
Կյանքով և պայքարով կոփված մեր էգոն, հարգելի´ կուսակիցներ, երբեք չի´ վերածվել և չի´ վերածվելու էգոիզմի։ Դա անթույլատրելի է:
Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք ու երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը՝ դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ։
Եվ ինչպես արդեն ասացի, չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ։ Նպատակ ունենալով նպաստել այս աղետաբեր ռեժիմին հաղթելու ընդդիմադիր ուժերի միասնական ջանքերին՝ Հանրապետական կուսակցությունը իրական ընդդիմությանը ներկայացնում է հետևյալ առաջարկությունները՝ որպես մոտակա ժամանակահատվածում համատեղ պայքարի գործնական քայլեր:

Առաջին՝ ինչպես գիտեք, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում. նախ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո՝ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովը։
Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում՝ գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով։
Բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախահայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում տառապող գերեվարված, պատանդառված հայեր, քաղաքական բանտարկյալներ Երևանում, անօրինական հարձակումներ և ճնշումներ Հայ Առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգավորվող ոստիկանական և դատական համակարգեր՝ իրենց հակաօրինական գործողություններով. ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել։
Եվ մենք, որպես փորձառու և պատասխանատու կուսակցություն, առաջարկում ենք մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ ամենայնի զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, մեզ վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ, կրկնում եմ՝ համատեղ, ձեռնարկումներ մշակելու և իրականացնելու գործը։ Մի քանի տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների օրենքի և եվրոպական քաղաքական մշակույթի շրջանակներում, պետք է ներկայացնել ամբողջ իրականությունը Հայաստանի «ժողովրդավարության» մասին։
Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ, ճշմարտության պահ։ Եվ Հանրապետականը կարող է այս ամենը համակարգել՝ մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե, իհարկե, նրանց կհետաքրքրի նման առաջարկը, և եթե նրանք ժամանակ կգտնեն միանալ և միասին զբաղվել նաև համազգային այս խնդիրներով։
Երկրորդ՝ շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։
Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով:
Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին։
Երրորդ՝ գաղտնիք չէ, որ այս փուլում իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ բացառում են որևէ համագործակցություն իշխող ռեժիմի հետ։
Բազմիցս մենք համոզվել ենք, և, ավաղ, այստեղ մենք ևս ունենք մեր դառը փորձը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, որ քաղաքական ուժերը կարող են նման հայտարարություններ անել, սակայն միշտ հայտնվում են անհատներ, որոնք դրժում են այդ որոշումը և թուլացնում ընդդիմադիր դաշտը՝ հակվելով իշխող ռեժիմի ճամբարին։
Ուստի, մենք առաջարկում ենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերի նմանօրինակ հայտարարություններից բացի, այդ ուժերի նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակում գտնվողները կապիտուլյանտ ռեժիմի հետ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը չլքելու բարոյական պարտավորություն վերցնեն՝ ստորագրելով համապատասխան հուշագիր և փաստացի համադրելով քաղաքական և անձնական դիրքորոշումները։
Եվ վերջապես չորրորդ՝ հայտնի է, որ մեր կուսակցության աշխատանքների մեջ կարևոր է եղել ոչ միայն այս ռեժիմի դեմ պայքարը, այլև իշխանափոխությունից հետո մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու ծրագիրը:
Գիտեք, որ շաբաթներ շարունակ այդ ծրագրի վրա աշխատել են մեր կուսակցական ընկերներն ու մասնագետները, և մենք կազմել ենք տարբեր ոլորտներում հնարավոր և առաջնահերթ քայլերի, մոտեցումների առաջարկների շտեմարան։
Քանի որ Հանրապետականը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին, ուստի այդ շտեմարանը՝ ծրագրային բազմաթիվ դրույթներով, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ում դա կհետաքրքրի։
Եթե հիշում եք, ընդամենը ամիսներ առաջ, մեր կուսակցության 35-ամյակի ընդլայնված խորհրդի նիստում ընդունված բանաձևում, հրամայական համարելով կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը, սահմանել էինք երեք առաջնահերթություն իշխանափոխությունից հետո․
1. Երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր, իհարկե, անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին և ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները։
2. ՀՀ զինված ուժերի մարտունակության վերականգնում՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան։
3. Մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում և Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից, վերարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով ՀՀ արտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական և անվտանգային բաղադրիչներին։
Քանի դեռ չենք հասել այս առաջնահերթությունների իրագործմանը, դրանք մնում են մեր կուսակցության կարճաժամկետ և երկարաժամկետ գերակայությունները։
Մեր տեսլականը պարզապես խոստումների կամ երազանքների ցուցակ չէ. այն բարոյական պարտավորություն է և ոչ երբեք՝ կեղծ քաղաքացիական պայմանագիր։
Մենք չենք համակերպվի մեր ինքնիշխան տարածքով որևէ «միջանցք»-ի գոյության հետ, որքան էլ նենգորեն մեզ մոլորեցնեն, թե դա «միջանցք չէ»։ Այն ոչ մի ձևով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում: Ինչ անունով էլ կոչեն՝ դա մեր ոչ բարեկամ հարևանների հարյուրամյակների երազանքն է, որը նրանք չեն էլ թաքցնում:
TRIPP-ի մասին մենք մեր անհանգստությունը հայտնել ենք և վերջնական եզրակացության կգանք դրա էությունը, բաղադրիչները, իրականացման միջոցներն ու մեխանիզմները լիովին բացահայտելուց հետո:
Մենք համարում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցությունները պետք է ընթանան ոչ թե թուլության, այլ ազգային միասնության ներուժի դիրքերից։
Պետք է վերականգնվի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ոչ թե այլոց բավարարելու, այլ հայ ժողովրդի շահերը սպասարկելու նպատակադրումով։
Հայաստանը չպետք է լինի ո´չ հաճախորդ պետություն, ո´չ մակաբույծ պետություն, ո´չ էլ էթնոգրաֆիկ թանգարան։
Հարգելի՛ հանրապետականներ,
Մեր կուսակցության ծրագրի հիմնադրույթներում շատ հստակ շարադրված են Հանրապետականի առաքելությունն ու նպատակը, ինչպես նաև պետության գործունեության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ մեր մոտեցումները։ Բայց ոչ մի տեղ նշված չէ, որ այդ ամենը իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ մենք իշխանություն ունենք։
Այդ հիմնադրույթները մեր քաղաքական ուժի արժեհամակարգային հենքն են, մեր գործողությունների առանցքը բոլոր իրավիճակներում՝ լինենք իշխանություն թե ընդդիմություն։ Եվ մենք դա ապացուցել ենք։ Հանրապետականը քաղաքական ուժ է ոչ թե պաշտոնի, այլ գաղափարի ուժով։
Քաղաքական ուժի դերակատարումը չի սկսվում և ավարտվում ընտրություններով կամ իշխանությամբ․ այն կարող է արդյունավետ գործել նաև իշխանությունից դուրս։ Այդ պատճառով որևէ ընտրություն չի կարող սահմանել մեր հետագա գործունեությունը քաղաքական դաշտում։
Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը այս նույն համոզմամբ՝ անկախ հանգամանքներից, ամուր հենված մեր արժեքների վրա, պատասխանատվության գիտակցումով ծառայելով ազգին և պետությանը, ինչպես դա անում ենք 35 տարի։
Հարգելի՛ գործընկերներ,
2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները պարզապես հերթական համապետական ընտրություններ չեն։ Դրանք, ըստ էության, հանրաքվե են հայկական պետականության գոյության վերաբերյալ։ Այդ ընտրությունները կայանալու են՝ ինչպիսին էլ լինի մեր վերաբերմունքը։ Բայց, ասացեք խնդրեմ, կա՞ ոչ իշխանամերձ քաղաքական մի ուժ, որը կասի, թե Հայաստանում կառավարումը ձախողված չէ, և առկա չէ ազգային ճգնաժամ՝ դրան բնորոշ բոլոր դրսևորումներով։
Ազգային ժողովում մեր խմբակցությունն այս թեմայով ամիսներ առաջ անցկացրած լսումների ժամանակ հայտարարության նախագիծ հրապարակեց, որտեղ միանգամայն փաստարկված և հիմնավոր ներկայացված են երկրում ճգնաժամի առկայությունն ու կառավարման ձախողումը։
Մեր Սահմանադրությունը նման դեպքերում ճգնաժամը հանգուցալուծելու գործիք է առաջարկում, և դա գործող վարչապետին անվստահություն հայտնելն է։
Ես ասել եմ և պնդում եմ, որ ընտրությունները ոչ մի դեպքում չի կարելի հակադրել իմպիչմենթին։ Եվ եթե բոլոր առողջ քաղաքական ուժերը մեզ հետ համակարծիք են, որ գործող կառավարիչների՝ մեկ օր անգամ իշխանության ղեկին մնալը կործանարար է, ու անհրաժեշտ է օր առաջ իշխանափոխություն իրականացնել, այդ դեպքում տարօրինակ է մեզ մեղադրելը ընտրությունների օրակարգի փոխարեն իմպիչմենթի նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Այդ ի՞նչ երաշխիք ունեն, որ այս կործանարար ընթացքը չկանխելու դեպքում մեր պետությունը չի կանգնի անդառնալի հետևանքների առաջ։ Նման պայմաններում յուրաքանչյուր օրը կարող է վճռորոշ լինել, իսկ անգործությունը՝ ճակատագրական։ Սա ոչ թե ինքնանպատակ քայլ է, այլ միջոց՝ կանխելու ավելի մեծ կորուստները և ստեղծելու նոր քաղաքական իրավիճակ, որտեղ հնարավոր կլինի իրական մրցակցային ընտրություններով ձևավորել վստահելի իշխանություն։ Հակառակ դեպքում, եթե շարունակենք հապաղել և առաջնորդվել միայն ընտրական գործընթացներով, ապա կարող ենք պարզապես անդառնալի կորուստների ցանկը բազմապատկել։

Հարգելի՛ կուսակիցներ,
Պատմության մեջ կան ժամանակահատվածներ, երբ երկիրը կանգնում է ընտրության առաջ․ ո՛չ թե կուսակցությունների, ո՛չ թե անհատների, այլ արժանապատվության և հարմարվողականության միջև, լինելիության և չգոյության միջև, ճշմարտության և կեղծիքի միջև։ Այսօր մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակներում։ Եվ պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները հաղթահարում են ճգնաժամն այն պահին, երբ որոշում են այլևս չապրել այդ պսևդոիրականության մեջ, երբ ինչ-որ պահի ասում են՝ բավակա՛ն է, այլևս չենք հանդուրժի անպատասխանատվությունը, հարմարվողականությունը, կեղծիքը, անտարբերությունը, բավակա՛ն է պառակտումը։
Ակնհայտ է, որ այսօր երկրի կառավարումը հիմնված է ստի և անպատասխանատվության վրա: Հայաստանի կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է: Նրանք կարող են ուղիղ նայել մարդկանց աչքերին և անամոթաբար ստել, նաև՝ զրպարտել:
Հենց այդպես, 44-օրյա պատերազմում «հաղթելու ենք» ասելով՝ տարան պարտության, «Արցախը Հայաստան է և վերջ» ասելով՝ հանձնեցին Արցախը, «Արցախը հանձնեցինք, որ պաշտպանենք Հայաստանը» ասելով՝ անպաշտպան թողեցին Հայաստանի սահմանները և թույլ տվեցին, որ թշնամին անարգել թափանցի այդ սահմաններից ներս, օկուպացնի տարածքներ, «ժողովրդավարության բաստիոն ենք տարածաշրջանում» ասելով՝ երկրում հաստատեցին բռնապետություն, «բանակցություններում կարմիր գծեր ունենք» հայտարարելով՝ չունեցան ոչ մի այդպիսի գիծ, «բանակը բարեփոխում ենք» ասելով՝ թուլացրին ու քանդեցին բանակը, «ժողովրդի ծառան ենք» ասելով՝ ժողովրդի հաշվին շռայլորեն ապրելով և զվարճանքի տեսարաններով ծաղրեցին ու մինչև հիմա ծաղրում են նույն այդ ժողովրդին, «Արցախի անվտանգության երաշխավորն ենք» ասելով՝ ի վերջո միայնակ թողեցին հերոսաբար մինչև վերջին վայրկյանը պայքարող Արցախին, իսկ հետո լկտիաբար հայտարարեցին, թե արցախցիները փախչել են իրենց երկրից, իրենց բնօրրանից:
Անբարոյականությունն ու զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փախած կամ թռած է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի և թռչելու վրա։
44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ
պատերազմից հետո սեփական ժողովրդից փախչել և վախեցած թաքնվել է բունկերում։
Մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտուն տեսքը, որ նա փախչի կառավարության իր աշխատասենյակից, միայն մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը։
Սրանք ասում են նաև, թե 2020-ին մեզ սպանդանոց տարավ ՀԱՊԿ-ը։ Իհարկե, ՀԱՊԿ-ը աշխարհի ամենաարդյունավետ ռազմաքաղաքական կառույցը չէ, բայց այդ ինչպե՞ս էր ստացվում, որ նույն ՀԱՊԿ-ը 2016-ին Երևանում գագաթնաժողովի ժամանակ հատուկ փաստաթուղթ էր ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որտեղ ամրագրում էր նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը։
ՀԱՊԿ-ի հետ պետք էր ճիշտ և համբերատար աշխատել։ Չփչացնել հարաբերությունները մինչև պատերազմ, իսկ պատերազմից հետո չընդունել նեղացածի կեցվածք և, այդքանով հանդերձ, վերջերս անամոթաբար համաձայնել ստանալ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկի պետական բարձր պարգևը։
Սրանք մսխել են Հայաստանի բոլոր դիվանագիտական հաջողությունները. անցյալ տարեվերջին անգամ ընտրողաբար հրապարակված արցախյան բանակցությունների փաստաթղթերը վկա։
Այս ամբիոնից ուզում եմ վերստին ընդգծել. ես մշտապես բանակցել եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգայնորեն երաշխավորելու համար։
Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար։
Երբեք չեմ վարանել աշխարհի հզորներին դիվանագիտորեն, բայց հստակ բանաձևել մեր ակնկալիքները և բանակցել դրանք կյանքի կոչելու համար։ Հրապարակված փաստաթղթերի փաթեթը՝ վկա։
Արցախյան բանակցային ժառանգությունը, այո, նույնպես մսխվել է՝ մսխվել է անբարո, հակապետական քայլերով և գիտակցաբար։
Մսխվել է, և այդ ճանապարհին մոտեցվել է պատերազմը, որի ժամանակ ոչ մի գործընկեր մեր երկրի կողքին չկանգնեց, որովհետև բոլորը կուշտ էին իրեն գժի տեղ դրած և սեփական ժողովրդին գեոպոլիտիկ խաղերի զոհասեղանին դրած ղեկավարից։
Ո´չ, դեպի սպանդանոց մեզ ոչ թե ՀԱՊԿ-ն է տարել, դեպի սպանդանոց մեզ տարել եք դուք։ Իսկ հիմա սրանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ բաց տեքստով սեփական ժողովրդին սպառնում են պատերազմով։
Պատկերացնու՞մ եք՝ պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում։
Արցախ հանձնածները Արցախ հանձնողներ են փնտրում։
Չնայած ինչո՞ւ եմ զարմանում, մինչև հիմա էլ նիկոլ բերածները նիկոլ բերողներ են փնտրում։ Մեր քաղաքական դաշտը կարծես երկերեսանիության փառատոն ու կեղծավորության շքերթ լինի։
Պարոնա´յք, մենք այդ խաղերում չկանք։ Մենք ազնիվ խաղի կանոնների կողմնակիցն ենք։
Պատերազմ բերել եք և պատրաստ եք կրկին բերել միայն դուք, իսկ պատերազմ բերողը պետք է հնձի իր ցանածը՝ նվազագույնը իշխանափոխությամբ, առավելագույնը՝ պատժով՝ օրենքի ողջ խստությամբ:
Սա է պահանջում ոչ միայն աստվածային արդարության կանոնը, այլև մեր ժողովրդի կենսական շահը։
Սրանք ասում են՝ «կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»։ Այսինքն՝ մեզ ստիպում են ընտրել վախի և չարիքի միջև՝ որպես ընտրության միակ տարբերակ։ Մինչդեռ իրականում կա այլ տարբերակ, օրինակ՝ այլ իշխանություն՝ ուժեղ բանակցային թիմ, այլ իշխանություն՝ նոր անվտանգային ռազմավարություն,
այլ իշխանություն՝ փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ, և այս շարքը կարելի է շարունակել՝ որպես վախի և չարիքի այլընտրանք:
Դատելով կապիտուլյանտ ռեժիմի նկատմամբ հասարակության մեջ առկա օրեցօր մեծացող դժգոհությունից, որը փաստում են նաև սոցիոլոգիական հետազոտությունները, կարող ենք պնդել, որ մեր ժողովուրդն այլևս չի ցանկանում ապրել ստի, նվաստացման, բռնատիրության պայմաններում և իր համար արդեն կատարել է այդ շատ կարևոր ընտրությունը։ Իսկ թե հունիսին այդ ընտրության արդյունքները որքանով պաշտպանված կլինեն, մեծապես կախված է մինչ այդ օրն իրականացվելիք աշխատանքից, քանի որ այսպես շարունակվելու դեպքում, երբ գործող ռեժիմը շինծու մեղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին, բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին, պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, երբ բռնի մեթոդներով, բանտարկություններով լռեցնում է ազատ խոսքը, ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին, երբ ընտրական խաղի կանոնները փոփոխում է առանց լայն քաղաքական համաձայնության, երբ պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգը սպասարկելու համար, երբ տեղեկատվական դաշտում ստեղծում է ակնհայտ անհավասարություն և տարբեր մեթոդներով սահմանափակում է այլընտրանքային կարծիքների տարածումը, ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել։
Եվ երբ ի լրումն վերը թվարկածի՝ դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգծում են իրենց նախապատվությունը, այդպիսով կոպտորեն և ապօրինաբար միջամտում ընտրական գործընթացին՝ հօգուտ գործող կառավարիչների, ապա նշածս բոլոր գործոնները միասին ձևավորում են մի միջավայր, որտեղ ընտրությունների արդյունքը կարող է կախված լինել ոչ միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունից, այլ նաև քաղաքական դաշտում անհավասար պայմաններից։ Այս ամենից հետո հարց եմ տալիս՝ բա կեղծումն ինչպե՞ս է լինում, եթե ոչ այսպես։ Հետևաբար, խնդիրը միայն ընտրության օրը չէ․ խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորվում է մինչև ընտրությունները։ Ուրեմն, այստեղ լրջորեն մտածելու և մտահոգվելու բան կա:
Այստեղ ցանկանում եմ կարևոր մի հայտարարություն էլ անել՝ եթե իմպիչմենթ, այնուամենայնիվ, տեղի չունենա, ապա անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին, եթե գործող ռեժիմը անհավասար պայմաններում, վարչական ռեսուրսի չարաշահմամբ և անընդունելի այլ մեթոդներով դարձյալ կզավթի իշխանությունը, Հանրապետականը պատրաստ է իր տեղը զբաղեցնել հետընտրական պայքարի առաջին շարքերում։

Հարգելի´ գործընկերներ,
Մենք այստեղ ենք ոչ նրա համար, որ ծափահարենք և գովաբանենք իրար, դա չափազանց անլուրջ և անպատասխանատու կլիներ։ Մենք չպետք է վարանենք և պարտավոր ենք խոսել մեր սխալների ու ձախողումներ մասին։ Եվ սա առաջին նման դեպքը չէ։ Մեր կուսակցության օրինակով կարող ենք ասել, որ սխալների վերլուծությունը ոչ թե թուլացնում է, այլ զորացնում։ Որովհետև քաղաքական ուժը, որը չի կարողանում ընդունել իր անցյալը, չի կարող կառուցել ապագա։ Դա մեզ անկաշկանդ առաջ նայելու, սխալներից դասեր քաղելու, իրատեսորեն գործելու հնարավորություն կտա։ Այո, պետք է խոստովանենք, որ ընդդիմադիր ուժերը, որոնց թվում նաև մենք՝ հանրապետականներս, ձախողեցինք լայն ազգային շարժում ստեղծելու գործընթացը, ընդհանուր նպատակի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը, որը կարող էր կանգնեցնել այս խելագարությունը։ Մենք մնացինք մասնատված, կասկածամիտ միմյանց հանդեպ՝ կրելով հին հակասությունների բեռը, մինչդեռ նավը շարունակվում է խորտակվել։
Ազգային ուժերս, այս տարիների ընթացքում հայրենավաճառ գործող կառավարիչների դեմ կանգնած առանձին հատվածներ էինք, բայց ամբողջական այլընտրանք չդարձանք։ Եվ մինչ ներքին այդ ջլատող պայքարում մենք իրար միս ենք ուտում, կեղտոտ վաճառականները փորձում են գեղեցիկ փաթեթավորել ու սեփական աթոռի արժեքով վաճառել այն ամենը, ինչը մեր ժողովրդի լավագույն զավակների հետ միասին տասնամյակներով կառուցել ենք արյամբ ու քրտինքով։
Սրանց կառավարման ողջ ժամանակահատվածում, իրավիճակը վերլուծելով, մենք կանխատեսում էինք, հաճախ պարզորոշ տեսնում, բարձրաձայնում, զգուշացնում այն աղետների, «խաղաղություն ամեն գնով» օրակարգի ռիսկերի մասին, որ բերեցին ու բերում են մեր պետության և ժողովրդի գլխին, բայց, ավաղ, կանխատեսումը կանխարգելում չկարողացանք դարձնել:
Մեր աշխատանքի ընթացքում ունեցել ենք ձախողումներ, որոնք, խոստովանենք, որքան մերը, նույնքան էլ բոլոր ազգային ուժերինն են։ Հաճախ ինքս ինձ հարցնում եմ՝ և ի՞նչ արժեն այդքան ջանքերը, երբ հինգ տարի առաջ մեր առջև դրված հիմնական խնդիրը այդպես էլ լուծված չէ, և իշխանազավթները շարունակում են անարգել ու անամոթաբար քանդել պետության հիմքերը, երբ մեր հասարակությունը մնում է պառակտված, ընդդիմությունը՝ անմիաբան, մեզ միավորող միակ հիմնասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հարվածի տակ։
Այս հարցը շատերին կարող է տանել հուսահատության, բայց ոչ ինձ և ոչ էլ ձեզ, որ, որպես Հանրապետական, Անկախության բանակի շարքերից մինչև հայկական կանոնավոր բանակի շարքեր, մինչև բռնաճնշումների ենթարկվող ընդդիմության շարքեր պատվով եք անցել ձեզ բաժին հասած փորձություններն ու անցնում եք մինչև հիմա։ Մենք պետք է հասկանանք՝ որտե՞ղ ենք թերացել, որտե՞ղ ենք սխալ հաշվարկել, մեր գործողություններից առաջ ի՞նչ հանգամանքներ հաշվի չենք առել, այդ թվում՝ կապիտուլյանտների վարքագիծը դիտարկելիս, ընդդիմադիր մեր գործընկերների վարքագիծը դիտարկելիս, որքանո՞վ ենք արդյունավետ աշխատել մեր հասարակության հետ, կարճ ասած՝ որո՞նք են մեր թույլ և ուժեղ կողմերը։ Ցանկացած քաղաքական ուժի համար սրանք մշտապես արդիական հարցեր են։
Պատկերացրե՞լ ենք արդյոք, որ պոպուլիստ իշխանազավթները կարող են օրը ցերեկով ոտնահարել Սահմանադրությունը, անտեսել գրված ու չգրված բոլոր բարոյական նորմերը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառել մեր ազգային արժեքները և չկրեն ոչ մի պատասխանատվություն։ Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է», իսկ հիմա արի ու տես, որ պատրաստվում է մեր Սահմանադրությունից «Ալիևի հագով կոստյում կարել», քանի որ այդպես են ուզում Ալիևը և նրա ավագ եղբայրը։
Մենք քննադատում ենք արտաքին դերակատարներին մեր երկրի հանդեպ իրենց պահվածքի համար։ Բայց պետք է նաև ինքներս մեզ հարցնենք՝ ինչո՞ւ է միջազգային հանրությունն այդպես վարվում։ Պատասխանը դաժան է․ որովհետև Հայաստանը կորցրել է իր արժանապատվությունը։ Որովհետև սրանք մեզ դարձրել են մի երկիր, որին կարելի է հրել դեպի դուռը։ Որովհետև սրանք, մի կողմից, ձախողում են փոխշահավետ, կրկնում եմ՝ փոխշահավետ, ինստիտուցիոնալ կապեր ստեղծելը Արևմուտքի հետ, իսկ մյուս կողմից՝ փչացնում փոխադարձ հարգանքի վրա կառուցված հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Մինչդեռ արտաքին քաղաքականությունը չպետք է վերածվի այլ երկրների հետ այնպիսի հարաբերությունների, երբ քո երկրի տարածքում ուրիշները միայն սեփական կենսական շահերն են առաջ մղում՝ թքած ունենալով քո իսկ շահերի վրա։ Սա արդեն արտաքին քաղաքականություն չէ, այլ օտար շահերի սպասարկմամբ՝ արտաքին թելադրանքի ընդունում:
Եկեք նայենք այսօրվա, ինչպես սրանք են սիրում կրկնել, «իրական» Հայաստանին։
Աշխարհաքաղաքական առումով մենք մեկուսացած ենք․ Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամը, մինչև այս վերջին երկու-երեք օրը, թաքցվում էր հեշտ փողերի և արհեստական խթանիչների վրա աճեցրած ապրանքաշրջանառության հետևում։ ՀԱՊԿ անդամակցությունը սառեցված է, բայց մենք ոչ մի այլ անվտանգության երաշխիք չունենք որևէ տեղից։ Հարևան Իրանի հետ երբեմնի բարիդրացիական հարաբերությունները վերածվել են վախվորած, անդեմ հարաբերությունների, երբ վախենում են անգամ ժամանակին ցավակցություն հայտնել այդ երկրի հոգևոր առաջնորդի և ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների զոհվելու կապակցությամբ։
ԵՄ դիտորդական առաքելությունը, արդեն համոզվել ենք, դիտում է, բայց չի պաշտպանում։ Ու դեռ հարց է, թե ինչ ճակատագիր կունենա ապագայում։ Ամերիկյան գործընկերությունը, որը հայտարարվեց մեծ աղմուկով, պայմանավորված է կեղծ «խաղաղության օրակարգի», նույնն է թե՝ ամենօրյա սպառնալիքի ներքո Ադրբեջանի նվաստացուցիչ պայմանների ընդունմամբ, որից մենք ոչինչ չենք ստանում, փոխարենը մեր իսկ ինքնիշխան համարվող տարածքում հայտնվում ենք չափազանց մեծ վտանգների առաջ։
Եվ եթե որևէ մեկը կպնդի, թե Միացյալ Նահանգների նման հզոր պետության ղեկավարն է այդ խաղաղության երաշխավորը, ապա այստեղ ես հարց ունեմ՝ այդ դեպքում ինչո՞ւ են լռության մատնվում Ալիևի հանրային ելույթներում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ հավակնությունները, ուղիղ սպառնալիքները։ Թե՞ դրանք կոնֆլիկտ հրահրելու վտանգ չեն պարունակում, իսկ Հայաստանում Անկախության հռչակագրին Սահմանադրության մեջ հղում անելը, նույնիսկ պատարագի ժամանակ «Արցախի Հանրապետություն» բառակապակցության արտաբերումը, պատերազմի կոչ է համարվում որոշ անմեղսունակ վախկոտների համար։
Այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո արգելվելու է արտաբերել նաև «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը, փոխարենը ոչ կոնֆլիկտային է համարվելու «Արևմտյան Ադրբեջանը»։ Բա հո խաղաղությունը հարվածի տակ չեն՞ դնելու։
Միգուցե սա մի քիչ չափազանցություն է, բայց, ցավոք սրտի, այս ութ տարիների ընթացքում մենք տեսանք գործողություններ, տեսանք երևույթներ, որ որևէ պարագայում մինչ այդ չէինք կարող պատկերացնել։
Հարգելի´ գործընկերներ,
Նախորդ համագումարից հետո մինչ օրս ընդդիմության դիրքերից մենք շարունակում ենք պայքարել ընդդեմ այն գործընթացի, որ ներկայիս կառավարիչները, աղյուս առ աղյուս, կազմաքանդում են պետությունը՝ միաժամանակ դիֆերամբներ ձոնելով գոյություն չունեցող ժողովրդավարությանը։
Այսօր կուսակցության հերթական համագումարում մենք պարտավոր ենք հաշվետու լինել՝ խոսել ինչպես անցած տարիներին մեր առջև դրված ներկուսակցական խնդիրների լուծման ուղղությամբ կատարած աշխատանքի, դրանց արդյունքների, այնպես էլ Հանրապետականի համար շատ ավելի կարևոր՝ վերկուսակցական, համազգային խնդիրների ու մտահոգությունների, դրանց հաղթահարման ուղղությամբ նաև մեր մասնակցությամբ իրականացված քայլերի, մեր սխալների ու ձեռքբերումների և, որ կարևոր է՝ հետագա մեր անելիքների մասին այս վճռորոշ ժամանակահատվածում։
Սակայն մինչ այդ ջերմությամբ հիշենք մեր այն կուսակից ընկերներին, ովքեր այս ընթացքում հրաժեշտ տվեցին երկրային կյանքին, այդ թվում՝ Հանրապետականի ակունքներում կանգնած Ռազմիկ Զոհրաբյանին, Գալուստ Սահակյանին, Վազգեն Կարախանյանին։ Նրանց հիշատակը վառ է մեր սրտերում, իսկ կյանքի ուղին՝ անվերապահ նվիրումի և աննկուն պայքարի խորհրդանիշ։
Կուսակցության նախորդ համագումարից հետո, ցավոք, մեր երկրում ողբերգական, ճակատագրական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ոչ միայն անխուսափելի ազդեցություն ունեցան ներքաղաքական գործընթացների, ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության վրա, այլև տարածաշրջանում նոր և վտանգավոր զարգացումների դուռ բացեցին։ Եվ այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որը սոսկ քաղաքական խնդիր չէ, այլ համազգային ցավ ու փորձություն։
Շատերին թվում էր, թե 44-օրյա պատերազմն իր աղետալի հետևանքներով ամենասարսափելին է, որ կարող էր պատահել մեր ժողովրդի հետ այս արկածախնդիր և ապազգային կառավարիչների օրոք։
Մենք այդպես չէինք կարծում։ Շատ պարզ տեսնում էինք, թե ինչպես են անամոթաբար կրկին խաբում և մոլորեցնում մեր ժողովրդին։ Դեռևս մեր նախորդ համագումարում հորդորում էինք՝ չապրել պատրանքներով և չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով գործել ազգադավ ուժերի դեմ։
Այո, մենք տեսնում էինք, թե ինչպես են կապիտուլյանտ իշխանությունները պատերազմի շոկը չհաղթահարած ժողովրդին նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը ներկայացնում որպես «խաղաղության դարաշրջանի» սկիզբ և համոզում, թե պարտությունից հետո բացվում է նոր էջ, թե իբր այդ ստորագրությունը ճանապարհ է հարթում կայունության, անվտանգության և խաղաղության համար։ Սակայն շատ չանցած վերջնականապես պայթեց «խաղաղության դարաշրջան» կոչվող փուչիկը․ 2022 թվականի դեկտեմբերին Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, շուրջ տասը ամիս անցավ հումանիտար ճգնաժամի տառապանքի ու մաքառման բոլոր դժվարություններով՝ ցրտի, սովի, կենսական անհրաժեշտության միջոցների սուր պակասի ու անորոշության պայմաններում, խաբված ու դավաճանված՝ Հայաստանի կառավարիչների կողմից, տեսավ միջազգային կազմակերպությունների սահմանած նորմերի և իրավունքների ողջ դատարկությունը, աշխարհի անտարբերությունը։ Եվ սա խոստացված «խաղաղության դարաշրջանի» ընդամենը սկիզբն էր։
2023 թվականի սեպտեմբերի 19-ը վերջակետ դրեց այդքան տարփողված «խաղաղության դարաշրջանին»։ Այդ օրը խաղաղության մասին բոլոր գեղեցիկ փաթեթավորված խոսքերը հօդս ցնդեցին առաջին պայթյունների հետ։ Արցախը կրկին արթնացավ հրթիռների և հրետանու ձայների տակ։ Ադրբեջանը ներխուժեց Արցախի Հանրապետություն։ Ուժասպառ, միայնակ ու անպաշտպան մնացած Հանրապետությունը արնաքամվում էր ոչ միայն ագրեսոր թշնամու արկերի բեկորներից խոցված, այլև թիկունքից իր անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի իշխանազավթ կառավարիչների հասցրած հարվածից՝ անտարբերությունից: Մաքառող Արցախի համար ամենացավոտը, այո, թշնամու կրակը չէր․ ամենացավոտը թիկունքից դավաճանությունն էր և հետո հանդգնությունը անամոթաբար հայտարարելու, թե արցախցիները չեն կռվել: Սա այն դեպքում, երբ արցախցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերել և թշնամուն հասցրել մեծ վնաս:

2018 թվականից սկսված ողբերգական իրադարձությունների այդ շղթայի վերջը Արցախում իրականացված էթնիկ զտումն էր և շուրջ 145 հազար արցախցիների բռնագաղթը իրենց հազարամյա բնօրրանից, իհարկե, այստեղ մտնում է նաև 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարբեր բնակավայրերից արտագաղթած մարդկանց թիվը, ովքեր բնաջնջման սպառնալիքի տակ թողեցին հայ ժողովրդի լավագույն զավակների արյան գնով պաշտպանված իրենց տները, քաղաքներն ու գյուղերը, եկեղեցիներն ու գերեզմանները, որոնք այսօր անարգվում ու ավերվում են։ Եվ սրանք դեռ հանդգնություն ունեն էթնիկ զտման հետևանքով բռնագաղթած արցախցիներին սպառնալ և ասել՝ «չփախնեիք, բա ինչի՞ չեք մնացել Արցախում»: Սա արդեն ցինիզմի գագաթնակետն է:
Բռնագաղթից հետո Հայաստանում սկսվեց արցախցիների նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերված անբարյացակամ, անհոգի վերաբերմունքն ու անտարբերությունը, հանցավոր անգործությունը, իսկ հաճախ՝ դատարկ խոստումները անհետ կորածների որոնման, մինչ այժմ Բաքվի բանտերում անմարդկային զրկանքներ կրող, գերեվարված, պատանդառված մեր հայրենակիցների ազատության և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարած, մինչև հիմա իրենց սկզբունքներին և հավատամքին հավատարիմ՝ Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին. «Տղե՛րք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի՝ ամեն ժամ՝ մտքով ու սրտով, և հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։ Ձեր արժանապատիվ կեցվածքը անմարդկային այդ պայմաններում ավելի խոսուն է և հարգանքի արժանի, քան ազատության մեջ շատերի պահվածքը»:
Հարգելի´ կուսակից ընկերներ,
Մենք չենք կարող ընդունել, թե ամեն ինչ ավարտվել է, թե Արցախի էջը փակված է, ինչպես փորձում են պարտադրել կապիտուլյանտները իրենց սուտ ու փուչ, խոցելի ու կեղծ խաղաղության քարոզչությամբ։
Նման մոտեցումը ոչ միայն քաղաքականապես անհեռատես է, այլ նաև հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին և մարդու հիմնարար իրավունքներին, որոնք վկայում են արցախցիների՝ սեփական բնօրրան անվտանգ վերադարձի անօտարելի իրավունքի, նրանց կյանքի, ազատության և արժանապատվության միջազգային երաշխիքների ապահովման, անհայտ կորածների ճակատագրերի պարզման պարտավորության մասին: Ի վերջո, այդ մարդկանց ընտանիքները տարիներով սպասում են լուրի, ապրում ծանր անորոշության մեջ՝ չիմանալով՝ սգա՞լ, թե՞ հույսով սպասել իրենց հարազատին։ Միջազգային մարդասիրական իրավունքը, այո, պարտավորեցնում է հակամարտության կողմերին՝ պարզաբանել անհայտ կորածների ճակատագրերը և ապահովել նրանց ընտանիքների՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը։
Արցախի հարցը շարունակում է մնալ բաց նաև այն պատճառով, որ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանման հետևանքով զրկված են մշակութային և հոգևոր ժառանգությունից օգտվելու հնարավորությունից, սեփականության իրավունքից, ինչպես նաև իրենց համայնքային և հանրային կյանքի բնականոն շարունակությունից։
Միջազգային երաշխիքների ներքո իրենց բնակավայրեր Արցախի հայերի արժանապատիվ վերադարձի իրավունքը անքակտելի իրավունք է, և որևէ մեկը չի կարող այդ իրավունքից զրկել արցախցիներին: Թեև մենք համոզված ենք, որ եթե Հայաստանի գործող կառավարիչները վերընտրվեն, ապա այդ անքակտելի իրավունքն էլ են աչքաթող անելու:
Իրական և կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել առկա խնդիրը պարտադրանքով մոռացության մատնելու քաղաքականությամբ։

Հարգելի´ հանրապետականներ,
Վերջին տարիներին մեր կուսակցությունը շարունակել է պայքարել այս աղետաբեր կառավարիչների ապազգային քաղաքականության դեմ, իր բոլոր հնարավորություններով աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված մեր քաղաքացիներին, հետամուտ եղել նրանց իրավունքների պաշտպանությանը միջազգային և ներքաղաքական հարթակներում։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք անվտանգային մարտահրավերների մասին՝ փորձելով համախմբել հասարակությունը և առաջարկել լուծումներ, որոնք բխում են Հայաստանի և հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից։
Անցած տարիներին կուսակցությունը շարունակել է աշխատել նաև իր կառույցների ամրապնդման, երիտասարդների ներգրավման և գաղափարախոսության տարածման ուղղությամբ՝ համոզված լինելով, որ միայն կազմակերպված ու պատասխանատու քաղաքական ուժը կարող է արդյունավետ դիմակայել մեր երկրի առջև ծառացած փորձություններին։
Այս տարի լրանում է Հայաստանում առաջին կուսակցական քաղաքական դպրոցի հիմնադրման տասը տարին։ Այն կրում է իմ ընկերոջ՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անունը։ Դեռևս 2016 թվականին, գիտակցելով երիտասարդների քաղաքական ու քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացումը, նոր սերնդի մրցունակ առաջնորդների պատրաստումը, ազգային պահպանողական գաղափարների հանրայնացման կարևորությունը, մենք հիմնադրեցինք այս դպրոցը։ Այսօր այն ունի շուրջ 850 շրջանավարտ՝ «մտածող երիտասարդների համայնք», ինչպես շատ դիպուկ բնորոշել է դպրոցի շրջանավարտներից մեկը։ Էականն այստեղ թիվը չէ, այլ բազմապատկիչ էֆեկտը, երբ գաղափարները, գիտելիքը, արժեքները փոխանցվում են նաև կողքիններին։
Հենց այս գիտակցումով է, որ մենք առանձնահատուկ ուշադրության ենք արժանացնում մեր կուսակցական կառույցներից հատկապես երիտասարդական և ուսանողական կազմակերպություններին, որոնք, ի պատիվ իրենց, բավական ակտիվ և նախաձեռնողական են։ Նրանց գործունեությունը նաև վերջին տարիներին էր բոլորիս աչքի առջև։ Մեր երիտասարդներն իրենց ավագ ընկերների հետ եղել են ընդդիմադիր պայքարի առաջին շարքերում, ենթարկվել բռնությունների, ազատազրկվել, բայց չեն ընկրկել և չեն լռել։ Մեր երիտասարդական կազմակերպությունը նաև ակտիվ համագործակցություն է ունեցել արտերկրների գործընկեր կազմակերպությունների հետ, մասնակցել համատեղ բազմաթիվ միջոցառումների:
Ես ինքս երբեք չեմ զլանում և տարբեր առիթներով հաճախակի հանդիպում եմ մեր երիտասարդներին, զրուցում նրանց հետ, լսում նրանց տեսակետը առկա խնդիրների վերաբերյալ, պատասխանում ինձ ուղղված հարցերին։ Ինքս էլ հարցեր եմ ունենում։ Ինձ հետաքրքիր է երիտասարդ ընդդիմադիր կուսակցական լինելու նրանց շարժառիթը։ Ի՞նչն է նրանց բերել ընդդիմադիր Հանրապետական հենց այս ծանր ժամանակաշրջանում, երբ այստեղ չեն տրվում աշխատանքի, կարիերայի, բարեկեցիկ ու հանգիստ կյանքի խոստումներ, փոխարենը կան բոլոր այն դժվարությունները, որ բաժին են ընկնում ընդդիմադիր քաղաքական ուժին։ Լսածս պատասխանները խոսում են մեր երիտասարդների արժեքային համակարգի, պատասխանատվության գիտակցման մասին, որը, անշուշտ, ձևավորվել է նրանց դաստիարակության հիման վրա։
Փա´ռք ու պատի´վ նրանց դաստիարակած ծնողներին և ուսուցիչներին։
Հենց այս սերունդն է, որ վաղը պետք է կրի թե՛ պետական, թե՛ հանրային և թե՛ քաղաքական կյանքի պատասխանատվությունը՝ ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի հաստատակամ։ Սա ներդրում է Հայաստանի ապագայի մեջ, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ մեր ջանքերը։
Հաշվետու ժամանակահատվածում չեմ կարող չանդրադառնալ մեր կուսակցական կանանց գործունեությանը: Նրանք մեզ հետ հավասարապես ամուր կանգնած են եղել պայքարի առաջին շարքերում՝ իրենց հետևողականությամբ և նվիրվածությամբ ապացուցելով, որ պատրաստ են կուսակցական ընկերների հետ միասին պատվով կատարել իրենց վերապահված առաքելությունը։ Անցած տարիներին Հանրապետական կանայք ակտիվ գործունեություն են ծավալել նաև կուսակցության բոլոր մակարդակներում՝ սկզբնական կառույցներից մինչև Գործադիր մարմին։
Կանանց դերը մեր կուսակցությունում մշտապես կարևորվել ու բարձր է գնահատվել, և այդ դերը շարունակելու է առանցքային մնալ մեր ընդհանուր պայքարի և հաջողության ճանապարհին։ Ուստի, կուսակցության սպասելիքները, ինչպես մեր երիտասարդական և ուսանողական, այնպես էլ կանանց կազմակերպությունից, էլ ավելին են:
Մի քանի օրից հանրապետությունում նշվելու է Մայրության և գեղեցկության օրը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ այս ամբիոնից շնորհավորել մեր հերոսածին մայրերին, քույրերին, բոլոր կանանց, ներառյալ Հանրապետական կանանց, հղում լավագույն բարեմաղթանքներ։
Անդրադառնամ նաև այս գումարման Ազգային ժողովում մեր կուսակցության ներկայացուցիչների աշխատանքին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության շրջանակներում։ Հիշեցնեմ, որ ի սկզբանե խորհրդարանում մանդատ ունենալը մեր նպատակը չէր և այսօր էլ չէ. 2021թ. ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մեր հրապարակային տեսակետները՝ վկա։ Բայց որոշ հանգամանքներից ելնելով, որոնց մասին ժամանակին հայտարարել ենք, մասնակցեցինք, և ի հեճուկս հոռետեսների՝ անցանք խորհրդարան, ինչը չհաջողվեց ընտրապայքարի դուրս եկած շատ ու շատ ուժերի։ Մենք Ազգային ժողով գործուղեցինք մեր պատգամավորներին հստակ նպատակով՝ ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցությամբ անել առավելագույնը՝ սահմանադրական ճանապարհով, պառլամենտական բոլոր գործիքների կիրառմամբ օր առաջ ազատվելու իշխանազավթ, ապազգային կառավարիչներից։
Ինչպես և յուրաքանչյուր հանրապետական, մեր պատգամավորները եղել են փողոցային խաղաղ անհնազանդությունների ամենապատասխանատու հատվածներում, բայց միևնույն ժամանակ ընդհանուր նպատակին հասնելու համար կիրառել են պառլամենտական ամբողջ հնարավոր գործիքակազմը՝ փոխլրացնելով, համադրելով պառլամենտական աշխատանքը և պայքարը փողոցում։
Նրանք առանց այլևայլության պատրաստ են եղել ցանկացած պահի վայր դնել իրենց մանդատները, եթե դա ծառայելու էր հիմնական նպատակին, իսկ եթե այդպիսով իրենց առջև դրված խնդիրը չէր լուծվելու, ապա շարունակել պայքարը պառլամենտական դիվանագիտության շրջանակներում և խորհրդարանական ամբիոնից հնչեցրել կապիտուլյանտ կառավարիչների մասին ողջ ճշմարտությունը՝ չվախենալով թիրախավորումից, բարձրաձայնել մեր հասարակության մի ստվար զանգվածի բողոքի տրամադրությունները՝ ստիպելով այսօրվա կառավարիչներին ևս մեկ անգամ առերեսվել դրանց, չհաշտվել անարդարությունների և դավաճանության հետ, բոլոր առիթներով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել փողոցում պայքարող մեր բազմահազար քաղաքացիների պահանջների և իրավունքների վրա, ինչը փորձում են անտեսել և ոտնահարել այսօրվա իշխանավորները։
Մեր պատգամավորները զգալի աշխատանք են կատարել, որպեսզի թույլ չտան Հայաստանը աշխարհին ներկայանա բացառապես գործող կառավարիչների պարտվողական, նվաստացուցիչ դիվանագիտական կեցվածքով։ Հանրապետականներն օգտագործել են միջազգային խորհրդարանական բոլոր հարթակները՝ մեր երկրի անվտանգության, քաղբանտարկյալների, Բաքվում պահվող մեր գերիների, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և էթնիկ զտման ենթարկված, բռնագաղթած արցախահայերի իրավունքների հարցերը բարձրաձայնելու համար՝ այդ ամբողջ ընթացքում անդադար բախվելով օրվա կառավարիչների ստեղծած խոչընդոտներին։
Քաղբանտարկյալները՝ մեր պայքարի ընկերները, եղել և մնում են Հանրապետականի ու նրա պատգամավորների ամենօրյա ուշադրության կենտրոնում, ոչ միայն խնդրի հանրայնացման, այլ նաև հոգածության առումով։
Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության կազմակերպած՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» թեմայով լսումները և անցած տարիների ընթացքում մեր նախաձեռնած մյուս հանրային լսումները երկրի կարևորագույն քաղաքական ամբիոնից իրենց կարծիքները հնչեցնելու հնարավորություն են տվել նաև արտախորհրդարանական ուժերին։
Հարգելի՛ կուսակից ընկերներ,
Ես այս կյանքում շատ բան եմ տեսել․ տեսել եմ պատերազմ և խաղաղություն, հաղթանակ և պարտություն, տեսել եմ հերոսություն և դավաճանություն, համեստություն և ամբարտավանություն, տեսել եմ նվիրվածություն և ուրացում, հավատ և հիասթափություն, համազգային վերելք և ծանր անկում։ Ես բռնել եմ ռազմաճակատում ծանր վիրավորումից մահացող տղաների ձեռքերը և գրկել մեր նահատակ տղաների նորածին զավակներին։ Ես թույլ եմ տվել սխալներ, ինչպես այս երկրի վրա ցանկացած մարդ, և ընդունել եմ որոշումներ, որոնցով իրական արդյունք եմ ապահովել իմ երկրի ու ժողովրդի համար: Այո, մենք՝ հանրապետականներս, կատարյալ չենք, բայց ազնիվ ենք: Ազնիվ ենք մեր անցյալի, մեր ներկայի և առջևում սպասվող մարտահրավերների հանդեպ։ Ազնիվ ենք ինքներս մեր և մեր ժողովրդի հանդեպ։
2026 թվականի Հանրապետական կուսակցությունը 2016 թվականի Հանրապետական կուսակցությունը չէ։ Մենք ավելի փորձառու ենք, ավելի իմաստուն, ավելի բյուրեղացած ու թրծված և ավելի իրատես։ Մենք կոփվել ենք՝ ավելի քան երեք տասնամյակ անցնելով պատերազմների, հաղթանակների, կորուստների, բռնաճնշումների, հալածանքների ճանապարհով և չենք ընկրկել, այսօր էլ ամուր կանգնած ենք մեր պետականությունը պաշտպանող «խրամատում»։
Եվ թույլ տվեք այսօր այս ամբիոնից բոլորիդ անունից ազգադավ իշխանազավթներին ասել՝ մենք մենք ենք՝ մեր անցյալով ու ներկայով, մեր սխալներով ու ձեռքբերումներով, դավանած արժեքներով ու հավատքով: Մենք աստվածասեր ենք, դուք ինչասե՞ր եք: Մենք մեր ժողովրդինն ենք, իսկ ո՞ւմն եք դուք:
Մենք հայ ենք՝ մեր խնդիրներով, մեր արժեքային համակարգով, իսկ ո՞վ եք դուք: Դուք Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնողներ եք: Դուք Արցախը Հայաստանի վզին թոկ համարողներ եք: Դուք Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր համարողներ եք: Դուք ամոթալի էջ եք Հայաստանի պատմության մեջ, որը պետք է անհապաղ շրջել։ Եվ մենք դա մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում։
Սիրելի´ հանրապետականներ,
Մեր համագումարն անցկացվում է շատ խորհրդանշական օր, երբ հայոց բոլոր եկեղեցիներում՝ Մայր հայրենիքում թե սփյուռքում, պատրաստվում են հանդիսավորությամբ նշել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Զատիկը։
Զատիկը միայն տոն չէ․ այն հաղթանակի խորհուրդն է՝ կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, բարու հաղթանակը չարի նկատմամբ, ճշմարտության հաղթանակը ստի նկատմամբ, լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Այն հիշեցում է, որ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ցանկացած ժողովուրդ իր պատմության ընթացքում կանգնում է ընտրության առջև՝ մնալ խավարի և հուսահատության մե՞ջ, թե՞ զատվել չարից, վեր կանգնել և վերածնվել հավատով, արժանապատվությամբ ու միասնականությամբ։
Թող այս խորհուրդը լինի նաև մեր քաղաքական ու ազգային ուղենիշը զատվելու այն ամենից, ինչը թուլացնում է մեր պետությունը՝ պարտվողական մտածողությունից, կեղծիքից, անպատասխանատվությունից և ապազգային ընթացքից, զատվելու և միավորվելու այն արժեքների շուրջ, որոնք դարերով պահել են մեր ժողովրդին՝ հավատք, հայրենիք, պետականություն և ազգային արժանապատվություն։
Թող Զատկի նախատոնակը դառնա ընտրության պահը՝
• զատվելու խավարից և ընտրելու լույսը,
• վերջ տալու պառակտմանը և միավորվելու համազգային նպատակների շուրջ,
• չհաշտվելու ազգային պարտության ու նվաստացման հետ,
• կերտելու արժանապատիվ, հզոր և հավատով ապրող Հայաստան։
Ուստի առաջարկում եմ, որ մեր համագումարից հետո, Զատկի նախատոնակի այս օրը, բոլորս գնանք ճրագալույցի պատարագին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կամ յուրաքանչյուրս՝ մեր բնակավայրի եկեղեցի և, որպես մեր եկեղեցու հավատավոր զավակներ, միասնական ու անկեղծ աղոթք հնչեցնենք առ Աստված մեր Հայրենիքի ու ժողովրդի փրկության, արժանապատիվ ապագայի և մեր նահատակների հոգիների խաղաղության համար։
Հարության տոնի մեծ Ավետիսը դարեր ի վեր մեզ հիշեցնում է մեկ ճշմարտություն՝ երբ ժողովուրդը զատվում է չարից և վերադառնում լույսին, սկսվում է նրա նոր կյանքը։ Եվ այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն Հայաստանի։
Շնորհակալություն բոլորիդ։ Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը։ Աստված օրհնի Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Եվ թող մեր հերոսամարտերի նահատակների հոգիները առաջնորդեն մեզ դեպի մի ապագա, որն արժանի է նրանց զոհաբերությանը։