4 ապրիլի 2026 – 12:19 AMT
PanARMENIAN.Net – Արմավիրի մարզպետի աշխատակազմը հայտարարել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրենն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքային պարտականությունների խախտման հիմքով՝ արձագանքելով «Արցախի դրոշի պատճառով հեռացվելու» վերաբերյալ հրապարակումներին:
Մարզպետարանը հերքել է այդ պնդումները՝ ընդգծելով, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և պարունակում են իրական խնդրից շեղելու ակնհայտ միտում։
«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից, քանի որ խախտել է աշխատանքային որոշ պարտականություններ, որոնք արձանագրվել են վերջերս ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից»,-ասվում է պարզաբանման մեջ:
Մարզպետարանը ներկայացրել է իրականացված տեսչական և իրավական գործընթացները՝ հնարավոր կասկածները փարատելու նպատակով։
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ հաստատված 2026 թվականի տեսչական ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկվել են Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայության ներքո գործող 10 ՊՈԱԿ-ներ՝ «Արաքսի միջնակարգ դպրոց», «Արևաշատի միջնակարգ դպրոց», «Դաշտի միջնակարգ դպրոց», «Հայթաղի Հ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց», «Նորակերտի միջնակարգ դպրոց», «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց», «Ջրարբիի միջնակարգ դպրոց», «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոց», «Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան N11 հիմնական դպրոց» և «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ները:
Նշվել է, որ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի մարտի 25-ի N01/05.1/251-2026 գրության համաձայն՝ նույն մարմնի ղեկավարի 2026 թվականի փետրվարի 24-ի N35-Ա հրամանի հիմքով «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվել է տեսչական ստուգում՝ կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական պահանջների պահպանման վերահսկման նպատակով։ Նույն գրությամբ ներկայացվել են նաև 2026 թվականի մարտի 20-ի N10/Դ-Ա ակտը՝ ստուգման արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև NԴ-23-Ա կարգադրագիրը, որով տնօրենի համար սահմանվել են խախտումների վերացման հանձնարարականներ։
ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 26-ի N01/11.1/02231-2026 և N01/11.1/02211-2026 գրություններով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը, տնօրենի առջև դրվել է պահանջ՝ երեք օրվա ընթացքում ներկայացնել գրավոր բացատրություն ակտի 10-րդ կետի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերով արձանագրված խախտումների վերաբերյալ։
«Ակտի առանձնացված կետերի խախտումները վերաբերելի են ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համալրման կարգի խախտումների, համապատասխան մրցույթներ չհայտարարելու, դպրոցի որոշ աշակերտների հեռավար ուսուցումը սահմանված կարգով չիրականացնելու, ինչպես նաև դպրոցի ծնողական խորհրդի նախագահի ընտրության և ընդգրկվածությունը մանկավարժական խորհրդում չարձանագրելու փաստերին։«Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված համապատասխան բացատրությամբ չի ընդունվել Ակտով արձանագրված խախտումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշված հիմքերով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածների կիրառմամբ և համապատասխան գրությունների հաշվառմամբ, ինչպես նաև տնօրենի կողմից ներկայացված բացատրությունները հաշվի առնելով, Կարինե Սմբատյանի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով, ՀՀ Արմավիրի մարզպետի 2026 թվականի մարտի 30-ի N177-Ա որոշմամբ նա ազատվել է տնօրենի պաշտոնից, և լուծվել է նրա հետ 2021 թվականի հուլիսի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։
Նույն որոշումը հրապարակվել է մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջում:
Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Պարոն մարզպետ. Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունը իմ սրտից։ Դուք կարող եք հրամայել հանել դրոշը, բայց չեք կարող ջնջել մեր հերոսների ստորագրությունները մեր հոգիներից»: