Եկեղեցու միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից․ ՔԿ-ն պարզաբանել է

Եկեղեցու միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից․ ՔԿ-ն պարզաբանել է

4 ապրիլի 2026 – 10:24 AMT

PanARMENIAN.Net – Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից` համապատասխան դիմում ներկայացնելով: Քննչական կոմիտեն ներկայացրել է պատճառները:

Նշվում է, որ քննիչը խախտել է նախաքննության տվյալների հրապարակման ու խուզարկությանն առնչվող պահանջները:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանի կողմից Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի և 235-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ խուզարկության կատարման կարգի խախտման, այսինքն՝ այլ անձանց, մասնավորապես՝ ԶԼՄ ներկայացուցիչներին առանց անհրաժեշտության խուզարկության վայր մուտք գործել թույլատրելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման, այն է՝ զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարակման, համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում: Երկվորյակներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։

Leave a Comment