Երևանի և Մոսկվայի միջև զգայուն հարցերի բաց քննարկումը վկայում է երկու երկրների հասուն և վստահելի հարաբերությունների մասին. «24News»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ըստ նրա գնահատականի՝ երկաթուղային կոնցեսիայի ապագայի շուրջ բանակցությունների և Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում կողմերը հաստատել են կառուցողական երկխոսության պատրաստակամությունը։
«Սա բարձր մակարդակի վստահելի երկխոսություն է, որտեղ քննարկվում են նույնիսկ զգայուն ու խնդրահարույց հարցեր։ Հենց այսպես պետք է ընթանա քաղաքական երկխոսությունը ինքնիշխան պետությունների միջև։ Եթե կան հարցեր, եթե կա մտահոգություն, դրանք պետք է քննարկել, դրանում էլ հենց կայանում է քաղաքական երկխոսության իմաստը»,- ասել է նա։
Մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ապրիլի 1-ի հարցազրույցը՝ Կոպիրկինն այն անվանել է «հետաքրքիր և բովանդակային»՝ նշելով, որ այն արտացոլում է Ռուսաստանի անկեղծ շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, որին ՌԴ-ն դիտարկում է որպես եղբայրական երկիր։
Երկաթուղային կոնցեսիայի վերաբերյալ Կոպիրկինը հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» կարևոր է հանրապետության տնտեսական և սոցիալական ոլորտների համար։
Ընկերությունում աշխատում է շուրջ 2500 մարդ, ուղևորահոսքը տարեկան կազմում է 500 հազար, իսկ 20 տարվա ընթացքում ներդրումների ծավալը կազմել է մոտ 30 միլիարդ ռուբլի։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի ջրհեղեղից հետո ռուս մասնագետները վերականգնել են ճանապարհը երեք շաբաթում՝ այդ դեպքն անվանելով աննախադեպ։
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են, մասնավորապես, Երևանի հարաբերությունները Եվրոպական միության հետ և Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար, որ դեպի Ռուսաստան կողմնորոշված քաղաքական ուժերը կարողանային մասնակցել ընտրություններին։ Նա նաև նշել է, որ որոշ քաղաքական գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ «չնայած այն հանգամանքին, որ ունեն ռուսական անձնագիր»՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի միջամտում ներքին գործերին, բայց ակնկալում է նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։
Փաշինյանը հայտնել էր, որ Երևանն առաջարկել է Ռուսաստանին դիտարկել կոնցեսիան բարեկամ երկրներին՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին վաճառելու հնարավորությունը՝ նշելով, որ ռուսական կոնցեսիան Հայաստանի համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»։
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել էր, որ երկաթուղիների կոնցեսիայի վաճառքը կարող է զրկել Հայաստանին ռուսական բեռներից։
