Արվեստագետ Լիլիթ Բլեյանը գրում է. «Դավիթը պիտի ազատ արձակվի, դա, իհարկե, չի քննարկվում։ Բայց պիտի ազատ արձակվի ոչ թե որովհետև առողջական խնդիր ունի, այլ որովհետև նրա կալանքի որոշումը և նրա հետապնդումն ի սկզբանե հակաիրավական էին։
Պիտի ազատ արձակվի, իսկ հետո, երբ Հայաստանում վերականգնվի առողջ բանականությունը, մենք պիտի անպայման վերլուծենք այս ամբողջ շրջանը` իր բոլոր դերակատարներով։
Մենք պիտի փորձենք հասկանալ, օրինակ, ջահել մայրերին, որոնք իշխանությունների հետ համագործակցության կամ նեղ անձնական շահի պատճառով այս օրերին Դավթի «դաստիարակությունն» են քննարկում` վերածվելով սովորական, մանր, վատ քողարկված պրոպագանդիստների։
Շատ վատ եք քողարկվել, սիրելինե՛ր, թափանցիկ շղարշի հետևից վառ գույներով երևում է այնպիսի՜ մի ստանդարտ պրոպագանդիստ, որ ձեր Չսիրելի Մարգարիտա Սիմոնյանն այդ կերպարի կողքին դրական գույներ է ստանում. նա գոնե ուղիղ ու բաց է խաղում։
Պիտի հասկանանք` ինչպե՞ս հնարավոր եղավ մեր հասարակության մարմինն ու սիրտը այս աստիճանի խոշտանգել։
Պիտի հասկանանք` ինչպե՞ս բուժենք մեր հասարակությունը էս ինքնաթունավորումից։
Պիտի մի օր վերջը հասկանանք` ինքնախեղման էս մոլուցքը մեզ որտեղի՞ց։
Դավիթը պիտի ազատ արձակվի, ու մենք նրանից, որպես հասարակություն, պիտի ներողություն խնդրենք, ինչպես պիտի ներողություն խնդրենք 18-20 ամյա այն սերնդից, որը գնաց մեզ պաշտպանելու` առանց ինքնապաշտպանվելու հնարավորության։
Կների՞ մեզ Դավիթը, կներե՞ն մեզ Դավիթները` իրենց անպաշտպան թողնելու համար։ Կներե՞ն մեզ այս տգեղ, անճաշակ թատրոնի համար, որին վերածվել է իրենց պատանեկության տարիներին բաժին հասած մեր երկրի հանրային կյանքը։
Կներե՞նք մեզ մենք ինքներս` էն հայտնի պատի տակ կանգնած»։