«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը (ՀԺԱՄ) հայտարարություն է տարածել 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։
Կուսակցությունն արձանագրել է, որ վերջին տարիներին երկիրը կրել է ծանր կորուստներ, այդ թվում՝ Արցախի Հանրապետության կորուստը, և հայտնվել է քաղաքական ու հոգեբանական փակուղում։
ՀԺԱՄ-ի գնահատմամբ՝ գործող իշխանությունները որդեգրել են արտաքին ճնշումներին չդիմակայելու, ընդդիմախոսներին լռեցնելու և պատմական անցյալից հրաժարվելու վտանգավոր քաղաքականություն:
Հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի է ստեղծված իրավիճակի հետ հաշտվելու և անընդհատ նահանջելու թեզը։ Կուսակցությունը շեշտել է իր հավատարմությունը ազգային շահի, իրատեսության և պատասխանատվության վրա հիմնված պետական քաղաքականությանը։
Որպես ուժեղ Հայաստան կառուցելու առանցքային սկզբունքներ՝ քաղաքական ուժն առանձնացրել է ուժեղ պետությունը, արժանապատիվ խաղաղությունը, ինքնիշխան արտաքին քաղաքականությունը, բանակի հզորացումն ու քրիստոնեական արժեհամակարգի գերակայությունը։
ՀԺԱՄ-ը նաև ընդգծել է, որ ՀՀ-ն կանգնած է պատմական շրջադարձի առաջ, ինչը պահանջում է քաղաքական միավորների և հանրության լայն համագործակցություն։
Կուսակցությունը կոչ է արել իր համախոհներին ակտիվ և պատասխանատու մասնակցություն ցուցաբերել առաջիկա ընտրություններին։
«Ուժեղ Հայաստանը» մարտի 31-ին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
Դաշինքի ստեղծման հուշագիրը ստորագրել էին «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունները։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։
