Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանը հրաժարական է տվել Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում բացատրություններ տալուց հետո։
ՔԿ-ից հայտնել են, որ գերատեսչությունը ծառայողական քննություն է սկսել Հակոբկոխյանի նկատմամբ, ինչից հետո վերջինս ազատման դիմում է ներկայացրել։
Պաշտոնից ազատման պատճառ են դարձել Մինասյանների տան խուզարկության ընթացքում թույլ տրված ենթադրյալ խախտումները և նախաքննական գաղտնիքի հրապարակումը։ Իրավապահ համակարգի ներկայացուցչին մեղադրում են խուզարկության վայր լրագրողների մուտքը թույլատրելու և տեսախցիկների առաջ նախաքննության տվյալներ հայտնելու մեջ։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», երբ վարչապետն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների հետ փորձում էր դուրս գալ եկեղեցուց՝ պատարագը դեռ չավարտված: Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց, իսկ հետո «Արմավիր» ՔԿՀ էին տեղափոխել։
