ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանում կամուրջներ և էլեկտրակայաններ կործանել, եթե Թեհրանը գործարքի չգնա. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանում կամուրջներ և էլեկտրակայաններ կործանել, եթե Թեհրանը գործարքի չգնա:
Այս մասին հայտնում է Interfax-ը։
««Մեր զինված ուժերը, որոնք աշխարհում ամենամեծն ու ամենահզորն են, նույնիսկ չեն սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, այնուհետև՝ էլեկտրակայանները։ Իրանի նոր վարչակազմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է անել, և դա պետք է արվի արագ», – հայտարարել է Թրամփը»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Դրանից մեկ օր առաջ քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Թրամփը հայտարարել էր Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը հրաժարվի Վաշինգտոնի հետ վիճելի հարցերի շուրջ կարգավորման համաձայնագիր կնքել:
«Եթե գործարք չլինի, մենք կհարվածենք նրանց բոլոր էլեկտրակայաններին, ընդ որում, հնարավոր է՝ միաժամանակ», – ասել է Ամերիկայի առաջնորդը:
Թրամփը նաև զգուշացրել է, որ կարող է հարվածներ հասցնել Իրանի նավթային օբյեկտներին. «Մենք կարող ենք հարվածել նաև նրանց նավթին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել։
Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ չավարտված կամուրջներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել։ Դա միայն վկայում է իրարանցման մեջ գտնվող թշնամու պարտության և բարոյական փլուզման մասին։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի ավելի ամուր։ Մի բան երբեք չի վերականգնվի՝ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը», – գրել է նա։
Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի իրավահաջորդի գլխավոր թեկնածուն է։
Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 9-ին երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել սպանված Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին։