3 ապրիլի 2026 – 16:22 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 17-ի գիշերը Երևանում հարձակում և գողություն կատարած 5 անձ է ձերբակալվել:
Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցում գտնվող իրենց շենքի բակում հինգ անձ առանց պատճառի վիճաբանություն են սկսել իր հետ, հարվածներ են հասցրել, ապա վերցրել են գետնին ընկած բջջային հեռախոսը և հեռացել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալների ինքնությունը․ նրանք Աբովյան քաղաքից 18-20 տարեկան երիտասարդներ են։
Բոլոր հինգ անձինք ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։