N94 մանկապարտեզի տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը, տնօրենը չվճարվող արձակուրդում է



24news.am-ը գրում է․


Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ N 94 մանկապարտեզը գործում է բնականոն հունով: 


«Այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը, տնօրենը չվճարվող արձակուրդում է, ուտումնասիրությունը շարունակվում է՝ ամփոփելուց հետո այս մասով կլինի պարզաբանում»,- հայտնեցին քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ քիչ առաջ գրել էինք, որ 24News-ի տեղեկություններով Երևանի համար 94 մսուր մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ազատվել է տնօրենի զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ 24News-ը տեղեկացրել էր, որ Երևանի համար 94 մսուր-մանկապարտեզում վաղ առավոտից ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով տնօրենի վարքագծից։ Մեզ հետ զրուցած ծնողները նշում էին, որ տնօրենի պատճառով դայակները ազատման դիմումներ են գրել և հեռանում են, և որ Փառանձեմ Միրիբյանն իր ծանոթներին է տեղավորում հաստատությունում։ Հետո արդեն մանկապարտեզի դայակներն ու մասնագետները անձամբ խոսեցին ու բարձրաձայնեցին իրենց խախտված աշխատանքային իրավունքների, տնօրենի կողմից իրենց անվայելուչ խոսքեր ասելու դեպքերի վերաբերյալ։

Ի պատասխան այդ մեղադրանքների՝ տնօրենը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ այդ թեմային, միայն ասաց, որ սադրող հարցեր չտանք, ինքը վերջերս է վիրահատվել և իրեն լավ չի զգում։

Բողոքող ծնողները երեկ եղել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, հանդիպել թաղապետի հետ, ներկայացրել իրավիճակը։ Թաղապետարանից խոստացել են հրատապ լուծում տալ հարցին։

Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին նշել էր, որ ուսումնասիրություն է կատարվում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։

—00—ԼԱ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment