Մեծամորի ատոմակայանի աշխատանքը 5 ամսով կանգնեցվել է․ նախարար

Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կանգնեցվել է՝ պայմանավորված շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով


ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով պայմանավորված՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքը ապրիլի 1-ից 5 ամիս ժամկետով կանգնեցվել է։


Այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։


«Ամենայն հավանականությամբ, 2026 թվականին մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլիներ Մեծամորի ատոմակայանը», – ասել է Խուդաթյանը կառավարության նիստի ժամանակ։


Նախարարը համոզմունք է հայտնել, որ այդ թվերը իրար համադրելի կլինեն։


Հայկական ԱԷԿ–ի մասին


Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։


Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, և աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով երկարաձգելու ուղղությամբ։


Հայաստանի իշխանությունները ծրագրում են 8–10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի գործընկերների փորձը։


Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ կա հնարավորություն, մասնավորապես, 50 ՄՎտ հզորությամբ բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։


 


 

Leave a Comment