
Ե՞րբ և ինչպե՞ս է կարգավորվելու Իրանի շուրջ իրավիճակը, ոչ ոք չի կարող կանխատեսել: Նույնը վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմավարական հաղթանակին», բայց ակնհայտ է, որ երկրորդ հեռանկարը պայմանավորված է այդ հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշմամբ: Ստացվում է, որ Ռուսաստանը, Ուկրաինայում մեծապես կախված լինելով ԱՄՆ-ից, Իրանի դեպքում կարող է գործել ի վնաս նույն Միացյալ Նահանգների: Ակնհայտ է, որ Ռուսաստանը TRIPP նախագիծը չեղարկելու համար պետք է ունենա Իրանի շատ գործուն աջակցությունը:
Տրամաբանությունից դուրս է պատկերացնել, թե Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին Ուկրաինային ծնկի բերելու հարցում օժանդակելու է, որպեսզի Ռուսաստանը ռազմավարական օժանդակություն ցուցաբերի Իրանին և երկուսով ձախողեն «Թրամփի ուղի» նախագիծը: Գործնականում ի՞նչ է իրենից ներկայացնում Իրանի շատ կոշտ հռետորաբանությունը, պարզ չէ: Փոխարենը վստահաբար կարելի է պնդել, որ նույնիսկ Իրանի դեմ պատերազմը դատապարտող ոչ մի երկիր Իսլամական հանրապետության միջուկային և հրթիռային ծրագրի աջակից չէ, առավել ևս կրոնապետության դաշնակից չէ:
Ինչ վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմավարական հաղթանակին», ապա դա այսօր ավելի հեռու է, քան՝ պատերազմի մեկնարկի տարում կամ 2025 թվականին: ՌԻԱ Նովոստին, որ Ռուսաստանի պետական լրատվական գործակալություն է, խոստովանել է, որ «բուն Մոսկովիայի՝ ռազմաքաղաքական որոշումների ընդունման կենտրոնի, սահմանները պատմականորեն երբեք այնքան անպաշտպան չեն եղել, որքան՝ այսօր»: Ռուսաստանցի քաղաքագետը հիշել է 19-րդ դարի մեծանուն գիտնական Մենդելևին, ով առաջարկում էր Ռուսաստանի «կենտրոնը տեղափոխել Ուրալից արևելք»:
Որքան էլ արտառոց չհնչի, նման եզրակացության ռուսաստանցի հեղինակը եկել է՝ ելնելով հենց Իրանի դեմ պատերազմի փորձից: Համեմատությունը չափազանց խոսուն է, եթե ամերիկյան և իսրայելական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները իրանական ԱԹՍ-երի և բալիստիկ հրթիռների դեմ անզոր են, ապա ի՞նչ երաշխիք, որ ռազմավարական դիմակայության դեպքում նույնը չի պատահի նաև Ռուսաստանի ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հետ: Իրականում սա ոչ թե ենթադրություն, այլ առկա իրավիճակի արձանագրում է, ուկրաինական ԱԹՍ-երը և «Ֆլամինգո» հրթիռները Ռուսաստանի եվրոպական տարածքի ցանկացած նշանակետ խոցում են:
Ռուսաստանը, ինչպես հասկացվում է «պատերազմի հիմնադրամ» ստեղծելու Պուտինի նախաձեռնությունից, աշխատանքային շաբաթը և աշխատանքային օրվա տեւողությունը երկարաձգելու մասին հայտնի օլիգարխ Դերիպասկայի նախաձեռնությունից և տեղեկատվական հոսքերից, նախապատրաստվում է լայնածավալ դիմակայության: Ուժերի և հնարավորությունների վերադասավորում է իրականացնում նաև Միացյալ Նահանգները: Ամենևին էլ բացառված չէ, որ ռուս-ամերիկյան «ընդհանուր ընկալումը» գետնի վրա իրավիճակի փորձությունը չհաղթահարի:
Հետկոնֆլիկտային Իրանը կարող է բոլորովին այլ երկիր լինել, բայց նախ, դա միայն տեսական հնարավորություն է, երկրորդ՝ ո՞րն է անառարկելի երաշխիքը, որ նա լինելու է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և երկուսով «ջնջելու են TRIPP նախագիծը»: Ի վերջո, Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի կողմից Թուրքմենչայի պայմանագրի «ստատուս-քվոյի» հիշեցումը անթաքույց իմպերիական ակնարկ է առաջին հերթին Իրանի հասցեին: «Ավելի ուժեղ» Իրանի համար Մոսկվայի այդ կեցվածքը հաստատ ընդունելի չի լինելու: