500 հազար դոլար մրցանակ, ճենապակյա ոսկեզօծ սպասք և ժամացույց․ ի՞նչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը

ArmLur.am-ը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական էջի «նվերներ» բաժինը և պարզել, թե ինչ նվերներ է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԿԿՀ էջի տվյալների ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ ամենախոշոր նվերը վարչապետը ստացել է 2026 թվականի փետրվարի 4-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակաբաշխության շրջանակում։

Ըստ հայտարարագրի՝ մրցանակը շնորհվում է այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նպաստում են խաղաղ համակեցությանը և մարդկային եղբայրության գաղափարի տարածմանը։ Որպես 2026 թվականի մրցանակակիր՝ Փաշինյանը ստացել է 500 հազար ԱՄՆ դոլար դրամական մրցանակ, որը հայտարարագրում գնահատվել է 188 մլն 750 հազար դրամ։

ԿԿՀ կայքի տվյալների համաձայն՝ վարչապետը ևս մեկ նվեր ստացել է ռուսաստանցի գործարար Վլադիմիր Եվտուշենկովից։ Վերջինս հանդիսանում է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ։
Ուսումնասիրելով տվյալները՝ պարզեցինք, որ Եվտուշենկովը Փաշինյանին նվիրել է «Երկնագույն պսակ» անվանումով թեյի սպասքի հավաքածու, որը պատրաստված է «Գժել» ասոցիացիայի կողմից՝ բարձրակարգ ճենապակուց և ոսկեզօծմամբ։

Նվերի արժեքը գնահատվել է 400 հազար դրամ։ Այն հանձնվել է հունվարի 20-ին՝ գործարարի հետ հանդիպման ընթացքում։

ԿԿՀ էջի ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ վարչապետը նվեր է ստացել նաև հայկական ընկերությունից։ Մասնավորապես, «Armenian Helicopters» ՍՊԸ-ն Փաշինյանին նվիրել է ձեռքի ժամացույց՝ ընկերության տարբերանշանով։

Այս նվերի արժեքը գնահատվել է 90 հազար դրամ։ Այն ստացվել է փետրվարի 7-ին, երբ վարչապետը այցելել էր ընկերություն՝ ծանոթանալու դրա գործունեությանը և զարգացման ծրագրերին։


Այսպիսով, ԿԿՀ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականին ՀՀ վարչապետի ստացած նվերների թվում առավել աչքի ընկնողը 500 հազար դոլար արժողությամբ միջազգային մրցանակն է։

Սոնա Գրիգորյան

Leave a Comment