20–ամյա երիտասարդն իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարն ու օգնություն խնդրել նրանցից․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապրիլի 1-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնելիս բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի։
«Վազելիս երիտասարդը նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել․ բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը՝ նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, և Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել», – նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։
Նշվում է, որ ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով՝ ոստիկանները արագ կողմնորոշվել են և հայտնաբերել են փաթեթները։
Կպչուն ժապավենով երեք փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։