Իրանի հարցում Թուրքիա – ԱՄՆ տարաձայնություններ կան •

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 18 րոպեանոց տեսաուղերձով դիմել է ԱՄՆ քաղաքացիներին: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները ներկայացրել են նրա ելույթի հիմնական թեզերը:

Դրանց շարքում առանձնանում է երկու կարեւոր դրույթ: Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու խնդիր չունի, այդ հարցով պետք է զբաղվեն այն երկրները, որ Մերձավոր Արևելքից էներգակիրներ են ձեռք բերում:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Իրանի դեմ հարձակումները դադարեցնելու համար Վաշինգտոնը պահանջում է «արգելաբացել Հորմուզի նեղուցը»: Պետք է ենթադրել, որ Իրանը Միացյալ Նահանգների նախապայմանը մերժել է, իսկ Թրամփը՝ հրաժարվել Հորմուզի նեղուցը ապաշրջափակելու ռազմագործողության գաղափարից:

Այսպիսով պարզ է դառնում, որ ԱՄՆ-ին վերջնականապես չի հաջողվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հակաիրանական լայն կոալիցիա ձևավորել, և Դոնալդ Թրամփը նրանց Իրանի դեմ թողնում է մենակ կամ առաջարկում, որ էներգակիրներ գնեն ԱՄՆ-ից:

Թրամփի ուղերձի երկրորդ կարևոր ընդգծումը վերաբերում է Մերձավոր Արևելքում դաշնակից երկրների հետագա անվտանգությանը: ԱՄՆ նախագահը դաշնակից երկրներին թվարկել է հետևյալ հաջորդականությամբ՝ Իսրայել, Սաուդյան Արաբիա, Կատար, Արաբական միացյալ էմիրություններ, Քուվեյթ և Բահրեյն:

Թրամփը նրանց դիրքորոշումը բնորոշել է «հոյակապ» և հավաստիացրել, որ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ «նրանց շահերը ինչ-որ կերպ տուժեն»:

ԱՄՆ նախագահի այս դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ Իրանի հարցում Միացյալ Նահանգների և Թուրքիայի մոտեցումները էականորեն տարբերվում են, և Վաշինգտոնը գոնե այս կոնկրետ իրավիճակում Անկարային Մերձավոր Արևելքում որպես դաշնակից չի դիտարկում:

Անցյալ շաբաթ Բուդապեշտում Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրները անվտանգության հարցերով պատասխանատուների մակարդակով խորհրդատվություններ են անցկացրել: Ադրբեջանը այդ հանդիպմանը ներկայացրել է նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հաջիևը:

Ըստ տեղեկությունների, մայիսին Ղազախստանում նախատեսվում է գումարել ԹՊԿ գագաթաժողով: Իրանի հարցում Թուրքիա-ԱՄՆ տարաձայնությունները, կարծես, իրավիճակային չեն, այլ ածանցվում են Մերձավոր Արևելքի նոր ստատուս-քվոյի մասին պատկերացումների արմատական տարբերությունից:

ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ ճգնաժամի դեպքում Թուրքիան «թուրանական բանակը» ինստիտուցիոնալացնելու լուրջ հնարավորություն կստանա: Անկարան միաժամանակ ռազմական համագործակցության համաձայնագրեր է ստորագրել Սաուդյան Արաբիայի, Կատարի և Եգիպտոսի հետ:

Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ վերջերս արձանագրել են, որ Պարսից ծոցի արաբական միապետությունները «այլևս չեն վստահում անվտանգության ամերիկյան երաշխիքներին»:

Թուրքիան, հավանաբար, ձգտում է այդ հանգամանքն օգտագործել և Մերձավոր Արևելքում ինքնահաստատվել որպես «տարածաշրջանային անվտանգության երաշխավոր»: Իրանի դեմ պատերազմի երկարաձգումը, որի հետևանքները ծանր են նաև Պարսից ծոցի արաբական երկրների համար, միայն մեծացնում է Թուրքիայի հնարավորությունը:

Մանավանդ որ որոշ աղբյուրներ ակնարկում են թուրք-իրանական բանակցությունների մեկնարկի մասին:

Leave a Comment