Ռազմական ճանապարհով Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը հնարավոր չէ: Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, իսկ նախապայմանը կրակի անհապաղ դադարեցումն է:
Այդ մասին Սեուլում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ պաշտոնական այցով գտնվում է Հարավային Կորեայում: Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահի կողմից իր հասցեին թույլ տված կոպիտ արտահայտությունները:
Փոխարենը Ֆրանսիայի նախագահը զգուշացրել է, որ Իրանի դեմ ցամաքային ռազմագործողությունը «աղետ կլինի ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և համաշխարհային տնտեսության համար»:
Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» քաղաքական մեկնաբանը իր հերթին սուր քննադատության է ենթարկել վարչապետ Նաթանյահուին, որ նախօրեին արդեն երրորդ անգամ դիմել է հանրությանը և վերստին հավաստիացրել, որ «պատմական հաղթանակը չափազանց մոտ» է:
Իսրայելցի հեղինակը Նաթանյահուի կեցվածը գնահատել է «մենախոսություն և հարցերից խուսափում»: Նա անդրադարձել է Իրանի կողմից վերջին երկու շաբաթներին իրականացված հրթիռակոծումներին և ձևակերպել, որ երկրում «մարդիկ ապրում են տուն-ապաստարան-պաշտպանված սենյակ ռեժիմում, և ոչ ոք վերջը կանխատեսել չի կարող»:
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ի տեղեկացվածությամբ՝ մի խումբ դեմոկրատ կոնգրեսականների դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պահանջել, որ «Իրանի հետ պատերազմը դադարեցնելու հարցով անհապաղ բանակցություններ սկսի»:
Իրանական աղբյուրները հայտնել են, որ նախօրեին ծանր վիրավորում է ստացել նախկին արտգործնախարար Քամալ Խարազին: Ըստ տեղեկությունների, նա էր Պակիստանի միջնորդության ԱՄՆ-ի հետ քննարկում հավանական բանակցությունների հետ կապված հարցերը:
Որոշ փորձագետներ տպավորություն ունեն, թե Իսրայելի Խարազիին «թիրախավորել է առանց ունենալու ԱՄՆ-ի համաձայնությունը, իսկ նպատակը իրանա-ամերիկյան բանակցությունների ձախողումն» է:
Ռուսաստանյան «Կոմերսանտի» քաղաքական մեկնաբանը համոզված է, որ Դոնալդ Թրամփը «հրաժարավել է Իրանի վարչակակարգը տապալելու մտադրությունից և ձգտում է բանակցությունների միջոցով կարգավորել որոշ սկզբուքային հարցեր»:
Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցները կարևոր են, որ Իրանի «պետական համակարգը պաշտպանունակ է և ամերիկյան կողմին ներկայացնում է նորանոր պայմաններ»: Տպավորություն կա, որ Իրանը «զինված հակամարտությունից ավելի ուժեղ դիրքում դուրս գալու և գլոբալ առումով լուրջ դերակատար դառնալու հնարավորություն ունի»:
Բացառված չէ, որ այդ հեռանկարը նկատի ունի ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, երբ ՏԱՍՍ-ին հարցազրույցում նկատել է տվել, թե «Թրամփի ուղի» նախագիծը «խախտել է Թուրքմենչայի պայմանագրով Հարավային Կովկասում հաստատված հավասարակշռությունը»:
Թուրքմենչայի պայմանագրի երկու հարյուրերորդ տարեդարձը լրանում է 2028 թվականին: Այդ խորհրդանշական «սահմանագծին» Հայաստանը պետք է նախապատրաստվի արդեն իսկ այսօր: