Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Կիրիենկոյի հետ հանդիպելու փորձերը մերժվել են. ԶԼՄ

Իշխող քաղաքական թիմի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձել են կապ հաստատել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի հետ, սակայն մերժում են ստացել, գրել է «Հրապարակ» օրաթերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ փետրվարին Մոսկվա այցելության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Կիրիենկոյի հետ և մերժում է ստացել։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փորձել կազմակերպել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Կիրիենկոյի հանդիպումը, որը նույնպես չի կայացել։

Թերթի փոխանցմամբ՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ չի ստացվում բարիդրացիական հարաբերություններ կառուցել։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին ներքին հրահանգ է իջեցվել՝ աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք ունեն հայ-ռուսական հարաբերությունների վերականգնման հստակ ծրագիր։

Փաշինյանը ապրիլի 2-ին հայտարարել է, որ Ռուսաստան կատարած իր այցը «հաջողված էր», և հայտնել մի շարք ոլորտներում կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մատնանշել էր հայկական իշխանությունների հայտարարությունների և ռուսական ընկերությունների նկատմամբ փաստացի գործողությունների միջև առկա անհամապատասխանությունը:

Leave a Comment