Քրիստոս Յարեաւ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Հեռացող աստղունքը ցոլում է,
Երկինքը ընկալում է լոյսը,
Մաքրում է ծաւալը,
Մինչեւ լազուրի ակունքները,
Ծալը ու մնացեալը…

Գուբում պատռւում է պատանքը,
Կեանքը տրոփում է անաւարտ,
Մղում, գլորում է քարը.
Բացում է գերեզմանը,
Որպէս կենդանութեան մահիճ,
Կենսաւոր, տրոփող սիրտ:

Եռօրեայ է տեւում տաճարի վերակառուցումը,
Ինչպէս ասել էր:

Սգաւոր կանայք եկել,
Մեռելների մէջ են փնտռում

Յարեալին…

Ասում է` հանդիպեն վերնատանը:

Կասկածներ կան…

Թող ստուգեն գեղարդի յօշածը,
Մեխերի խոցերը ձեռքերին,
Ոտքերի թաթերին…

Գուցէեւ քերթուածքները ճակատի,
Որ թողել է փշէ թագը…

Գարնանային հովի հոսանք է,
Աշտարակուած խաչի յիշողութիւն…

Երեւակում է վերնատանը…

Ոչ մի ողջագուրում…
Երկրային ոչ մի փոշի չպիտի լինի վրան
Երկնային մտնելու պահին…

Գեղարդի յօշածը,
Մեխերի խոցերը,
Ճակատի քերթուածը
Ստոյգ են:

Լուսաւոր ճակատին
Լոկ ծիածան, որպէս նարօտ…

Ապա պատգամում է,
Սպասեն քառասուն օր
Ընդունելու շնորհի գալուստը…

Սուրբ հոգով ծոցուորած
Աստուածային միութիւն է,
Որ անսկիզբ է ու անվախճան…

Վերացումը պատկերւում է,
Որպէս համբարձում…
Քրիստոս է,
Աստուածորդի,
Ծնունդով մարդորդի,
Բանի քարոզներով,
Ծաղկազարդով,
Խաչելութեամբ,
Յարութեամբ,
Համբարձմամբ
Առ հորիզոնի ծաւալ…

Տիեզերքում մենք միայնակ չենք:
Համօրենը
Աստուածային ստեղծագործութիւն է:

Հօրը յաջորդում է որդին,
Սուրբ Հոգու միջնորդութեամբ.
Յաւիտենական հոլովոյթ է,
Անմահութիւն…

 

 

 

Leave a Comment