Ավանսով հերոսներից մինչև վերբալ հերոսներ, կամ՝ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանից ընդունած «փոխանցումը»

Երեկ 168.am-ը՝ «44-օրյա պատերազմում ի՞նչ դերակատարում է ունեցել Աննա Հակոբյանը, ի՞նչ «օպերատիվ հետախուզական» հարցեր լուծել, տեղեկատվական ի՞նչ բազայի է տիրապետում» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Աննա Հակոբյանի գրառմանը՝ 44-օրյա պատերազմին հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) մասնակցության և դասալքության վերաբերյալ նրա իրազեկվածությանը:

Այսօր Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցն է, և թվում էր, թե կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախ պետք է օրվա խորհուրդը հարգեր, հատկապես, երբ քառօրյայից ամիսներ հետո «Հայկական ժամանակում» իր՝ «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերնագրված հոդվածում խոսում էր Ադրբեջանի ձախողված տանկային բլիցկրիգի, դրա արդյունքում 200 ադրբեջանական զոհի և հայկական հրետանու ճշգրտության մասին:

Հիշեցնենք, ՔՊ կամավորական ջոկատն Արցախ էր մեկնել մայիսի 14-ից, երբ ապրիլին սանձազերծված մարտական գործողություններն ավարտված էին: Նրանք խրամատ էին փորել այդ ժամանակ սահմանից հեռու գտնված Ճանկաթաղում, որը 44-օրյա պատերազմի արդյունքում «հայտնվել» էր սահմանին շատ մոտ:

Իսկ այդ ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Սուրեն Պապիկյանը, ով այսօր ինքն է զբաղեցնում ՊՆ պաշտոնը, պարգևատրվել էր «Գարեգին Նժդեհ» մեդալով՝ «2016թ. ապրիլ ամսվա քառօրյա մարտական գործողություններին մասնակցելու համար»:

Թե ինչպես է հնարավոր ապրիլյան մարտական գործողություններին մասնակցել մայիսին Արցախ գնալով, կարծում ենք՝ ավելորդ է ասել, բայց նախկին նախարարի հրամանում հենց այդպես էլ գրած է: Ի դեպ, ջոկատի մյուս անդամներն էլ պատվոգրեր են ստացել այդ ժամանակ:

Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը 2016թ. քառօրյան թռուցիկ հիշել է՝ նշելով, որ այդ ժամանակ զենքի խնդիր է եղել: Եվ ոչինչ, որ զենք-զինամթերքի խնդրի մասին սկզբնական պնդումներն ավելի ուշ հերքել էր Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Այս զեկույցը ևս հանրությանը չի ներկայացվել, իսկ դրան ծանոթացած ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը և Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասել են, որ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցում ոչ մի խոսք չկա քառօրյայի արդյունքների մասին, իսկ տեղ գտած ձևակերպումները հիմնավորված չեն:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ ստորաբաժանում զենքի որևէ պակաս չի ունեցել, և այդ փաստի հետ պետք է առերեսվել. «Ոչ մեկը զենքի պակաս չի ունեցել»:

Այստեղ մի քանի դրվագ հիշեցնենք:

Առաջին, 2023 թվականի հունիսին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր.«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերն անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Երկրորդ, 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ տարբեր առիթներով պնդել էր զենքի և զինամթերքի ոչ պիտանի լինելու մասին՝ ասելով. «Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ես ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին»:

Երրորդ, հնարավոր է նաև, որ 44-օրյայի ժամանակվա ռազմական ղեկավարությունը գտնում էր, որ մեզ այլ սպառազինություն էր պետք, և դրա բացակայությունը դիտարկում է՝ որպես պատերազմում պարտության պատճառ, Փաշինյանն այդպես, ըստ էության, չի կարծում:

Ինչևէ, Փաշինյանն այս ճեպազրույցին ևս անդրադարձել է գեներալական «փախուստներին»՝ կրկնելով իր նախկինում արած հայտարարությունները և ընդունելով նախորդ օրը Աննա Հակոբյանի արած «փոխանցումը», այլ հարց է, որ այս անգամ հարկ է համարել ճշտում մտցնել՝ ոչ բոլոր գեներալներն են վախկոտ:

«Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ՝ կան վախկոտ գեներալներ և դասալիքներ: Եվ, այո, նրանցից շատերը դատվում են: Մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով: Եվ մենք ունենք կոռուպցիայի գործով անցնող գեներալներ: Ես կարծում եմ, որ հերոս բառը պետք է շատ զգույշ օգտագործենք, որովհետև էնքան օգտագործել ենք էդ բառը, որ, ըստ էության, ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ:

Էն, որ մենք մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, ուզում եմ հասկանամ, ումի՞ց ենք թաքցնում: Մարդիկ իրենց փախնելը, ճողոպրելը թող չկապեն իմ հրամանների հետ, ես նման հրամաններ չեմ տվել: Մարդիկ ուզեցել են էդպիսի հրամաններ ստանալ, ես էդպիսի հրամաններ երբեք չեմ տվել: Էդ ով նման բան է ասում, ինքը ճողոպրողների բանակից է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ թացը չորին է խառնվում, ես երբեք թացը չորին չեմ խառնում, և մարդկանց ու իրերը կոչում եմ իրենց անուններով: Այո՛, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդն ի՞նչ պետք է լինի, դիրքերում պահածոյի բանկա են կախել, իսկ Երևանի կենտրոնում իրենց դղյակները սարքել,- հայտարարել է Փաշինյանը և շարունակել,- Ղարաբաղից էկել են ստեղ, «տղամարդլամիշ» են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ, որ ուսումնասիրում ենք դրանց պատմությունները, մեկը դասալիք է եղել, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել, հերթով անունները կտանք, և կդատվեն էդ մարդիկ: Ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգն այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ այն կոչմանը, որ արժանի են, գան դրան, այսինքն՝ շարքային: Կոչումներից պիտի զրկվեն, որովհետև այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն»:

Այս պնդումների համատեքստում էլ այլ փաստեր հիշեցնենք:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հրամաններ չի տվել նահանջի կամ փախուստի:

Իսկ ի՞նչ կասի՝ ռազմական դրության պայմաններում ինքն իրավունք ունե՞ր գերագույն հրամանատարի լիազորություններ ստանձնելու և ուղիղ հրամաններ տալու ԳՇ պետին: Ավելին, ի՞նչ կարգավիճակով է նա Շուշին հակագրոհով հետ վերցնելու հրաման տվել։ 

Կամ՝ հոկտեմբերի 7-ին, 8-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել և դրա ընթացքում տեղեկացվել է Բաքվի պահանջի մասին, այն է՝ առանց մարտի իրենց հանձնել Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով: Ի՞նչ «որոշակի ճկունություն է» ինքը դրսևորել, որի մասին խոսել է Քննիչ հանձնաժողովում, արդյո՞ք սա հենց նահանջի քաղաքական հրամանի մասին չէ: Սա՝ առաջին:

Երկրորդ, Փաշինյանը խոսում է գեներալների կամ բարձրաստիճան զինվորականների փախուստների մասին, սակայն 44-օրյային առնչվող բարձրաստիճան զինվորականության դեմ հարուցված քրեական գործերը հիմնականում ծառայողական և պաշտոնեական «անփութության» մեղադրանքներով են։

Իսկ գործող իշխանությունների «սրտի գնդապետ», ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ Վահան Յայլոյանի նկատմամբ 44-օրյայով հարուցված քրեական գործը զինվորական ծառայության առանձին` գնդի հրամանատարի պարտականություններից հրաժարման մեղադրանքով էր, որը զուգորդվել էր դրանց փաստացի դադարեցմամբ, ինչպես նաև «ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք»:

Բայց արի ու տես, որ որոշ ժամանակ անց նա արդարացվեց և հիմա պաշտոն է զբաղեցնում ՊՆ կարևոր վարչություններից մեկում, թեև մինչև արդարացվելն էլ զինվորական ծառայության մեջ էր՝ Երասխի ուղղությամբ հրամանատարական ծառայության մեջ էր:

Հետաքրքիր է, որ հոկտեմբերի 9-ին կամ դրանից առաջ Յայլոյանը գործողությունների պլան էր գծում, իսկ հոկտեմբերի 10-ին ՊԲ N պաշտպանական շրջանի հրամանատարը հրաժարվո՞ւմ է առանձին գնդի հրամանատարի պարտականություններից: Արցախի հարավային հատվածների, Հադրութի շրջանի տեղանքին ծանոթ չի՞ եղել գնդապետը, ինչպես պահանջում են մարտական գործողությունները, որովհետև Յայլոյանն Արցախ ծառայության էր մեկնել Երևանից, դրանից առաջ ծառայել էր Մեղրիում: Բայց փաստ է՝ նա հրաժարվել է կատարել իր պարտականությունները, Փաշինյանի լեզվով ասած՝ «փախել է»:

Փաստերի այս շարքը կարելի է համալրել՝ պատերազմի օրերին և՛ դավաճաններ ու խուճապ տարածողներ, և՛ զենք-զինամթերքի պահեստ չբացողներ՝ Փաշինյանի փնտրտուքի մասին, բայց առայժմ սահմանափակվենք այսքանով:

Եվ եթե Փաշինյանը վստահ է իր անմեղության և զինվորականության պատասխանատվության մեծ չափաբաժին ունենալու առումով, ապա թող հրապարակի քննիչ հանձնաժողովի զեկույցը, հատկապես, երբ խոսում է իրականությունը չթաքցնելու մասին:

Իսկ 44-օրյայի ժամանակվա ռազմական ղեկավարությունը թող շարունակի լռել, «կուլ տալ» Փաշինյանի թուքումուրը և չխոսի՝ ինչպես է փրկվել հենց նրա որդին, ինչպես է գուցե փախցվել այս կամ այն պաշտոնյայի որդին, և այլն: Իսկ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, և, եթե ոմանց թվում է, թե լռությունը կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՊՆ-ում ապաստան տալը փրկելու է իրենց բանտից, սխալվում են, ամեն ինչ դեռ առջևում է:

Բայց դա արդեն իրենց ընտրությունն է…

Leave a Comment