Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ավարտը տեսանելի չէ, մինչդեռ հակամարտության հետևանքով շուրջ մեկ միլիոն մարդ լքել է իր բնակավայրերը, իսկ իր երկիրը դարձել է պատերազմի զոհ, հաղորդում է Reuters-ը:
Տեղահանված ընտանիքները նշում են, որ հոգնել են շարունակական բախումներից։
Իսրայելը հայտարարել է, որ մտադիր է հարավային Լիբանանի որոշ հատվածներ դարձնել «անվտանգության գոտի»՝ իր հյուսիսային բնակչությանը պաշտպանելու նպատակով։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սալամը նշել է, որ «Լիբանանը դարձել է պատերազմի զոհ, որի ավարտն ու հետևանքները ոչ ոք չի կարող կանխատեսել»։ Նրա խոսքով՝ իսրայելական պաշտոնյաների հայտարարություններն ու բանակի գործողությունները վկայում են լայնածավալ նպատակների մասին, այդ թվում՝ լիբանանյան տարածքների օկուպացիայի ընդլայնման և անվտանգության գոտիների ստեղծման ծրագրերի։
Վարչապետը նաև ընդգծել է, որ Իսրայելի մտադրությունը՝ պահպանել վերահսկողությունը հարավային Լիբանանի նկատմամբ, մեծացնում է երկարատև օկուպացիայի մտավախությունները՝ հաշվի առնելով, որ նման ներկայությունն ավարտվել էր միայն 2000 թվականին։
Սալամը հայտարարել է, որ իր կառավարությունը կուժեղացնի դիվանագիտական ջանքերը՝ պատերազմը դադարեցնելու համար։ Միաժամանակ, Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի՝ Իսրայելի հետ ուղիղ բանակցություններ սկսելու կոչը դեռևս արձագանք չի ստացել։
Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ մարտի 2-ին «Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին՝ Իրանին համերաշխություն հայտնելու նպատակով։
Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 1300 մարդ, իսկ երկրի բնակչության մոտ մեկ հինգերորդը տեղահանվել է։ Իսրայելը նաև տարհանման հրահանգներ է տվել Լիբանանի տարածքի շուրջ 15%-ի համար։
