
Հայտնի չէ, թե ո՞վ է Օսկանյանի համար թարգմանել Պուտին-Փաշինյան բանակցությունների մասին Կրեմլի մամուլի ծառայության տարածած տեսանյութերը, բայց նա ֆեյսբուքյան գրառում է կատարել և «բացահայտել», որ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետին «հիշեցրել է, թե ինչ կորուստներ է ունեցել և դեռ ինչ կարող է կորցնել»: Հայաստանի ընդդիմության մասին Վլադիմիր Պուտինի հրապարակային խոսքից հետո Օսկանյանի այս դիտարկումը նման է, ինչպես ռուսներն են ասում՝ «հիվանդ գլխից առողջին բարդելուն»:
Սա, իհարկե, չի նշանակում, թե Պուտին-Փաշինյան բանակցությունները «անամպ» էին: Ամենևին: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հրապարակայնացրել է, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման շուրջ տարաձայնություններ կան, կողմերը ներկայացրել են իրենց պատկերացումները, ձեռք է բերվել քննարկումները շարունակելու պայմանավորվածություն: Փաշինյանը պարզաբանել է, որ հայկական երկաթուղիների ռուսաստանյան կոնցեսիոն կառավարումը սահմանափակում է Հայաստանի առավելությունը:
Ասվածից կարելի է հասկանալ, որ Հայաստանի տարածքով գլոբալ նշանակության բեռնափոխադրումների շահառու երկրները հայկական երկաթուղիների ռուսաստանյան կոնցեսիոն կառավարումը խոչընդոտ են համարում: Եվ եթե այն չհաղթահարվի, ապա, որքանով հասկացվում է, TRIPP նախագիծը Հայաստանի տարածքում հետագա զարգացում չի ունենա: Ի՞նչ լուծում կարող է գտնվել, ցույց կտա ժամանակը: Հայաստանի վարչապետը, համենայն դեպս, հավաստիացրել է, որ այդ հարցը շարունակում է մնալ առաջնահերթություն:
Հայաստանի համար չափազանց կարևոր այս հարցը կարելի՞ է ներկայացնել որպես Ռուսաստանի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանին «նոր կորուստների մասին արված զգուշացում»: Կարելի է, եթե քաղաքական գործչի և նրա համակիրների կամ հովանավորների միակ ցանկությունն է, որ TRIPP նախագիծը, նրա հետ էլ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը ձախողվի:
Բայց չէ՞ որ Վլադիմիր Պուտինը շատ հասկանալի լեզվով ասել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատման գործընթացում ակտիվ դերակատարություն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դրանից չի՞ հետևում, որ Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի հարցում ռուս-ամերիկյան ինչ-որ համաձայնություն կա: Եվ, հավանաբար, հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման շուրջ քննարկումներն էլ ներգրվում են Պուտին-Թրամփ «ընդհանուր ընկալումներին»: