Իրանը չի վերսկսել ուրանի հարստացումը 2025 թվականին իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։ Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին՝ հերքելով այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարության պնդումները:
«Մենք չենք վերսկսել հարստացումը: Դա սուտ է, շատ մեծ սուտ, ինչպես մյուս ստահոդ հայտարարությունները», – ասել է դիվանագետը Agence France-Presse-ին տված հարցազրույցում:
Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։