Այս գիշեր, Մոսկվայի ժամանակով 00:40-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում, «Ռուսկայա» կոմպրեսորային կայանը, որն ապահովում է «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ռուսական գազի արտահանման հուսալիությունը, ենթարկվել է հարձակման, տեղեկացնում է «Գազպրոմը»։
Ընկերությունից մանրամասնում են, որ երեք անօդաչու թռչող սարք փորձել է հարվածել կայանին, սակայն ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի և շարժական օպերատիվ խմբերի համատեղ գործողությունների արդյունքում վտանգը կանխվել է։
Նշվում է նաև, որ Գազպրոմի օբյեկտներին վնաս չի պատճառվել:
Մարտին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների նպատակն է խոչընդոտել ուկրաինական կարգավորմանը։
