18-ամյա երիտասարդը բանտում. նույն դատավորը, նույն ձեռագիրը. Մնացական Մարտիրոսյան․ ճակատագրեր խեղող դատավորը.

Դատարանի որոշումը՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու մասին, հերթական ցուցիչն է ոչ միայն երկրում առկա իրավական խնդիրների, այլև՝ արժեքային խոր ճգնաժամի։ 

Խոսքը դեռահասության փուլից նոր դուրս եկած երիտասարդի մասին է, որի կյանքում այս շրջանը որոշիչ նշանակություն ունի՝ կրթության, ինքնահաստատման, առողջության պահպանման և այլ հարցերում։ 

Բանտային կյանքը 18-ամյա երիտասարդի համար լրջագույն ռիսկ է՝ հոգեբանական տրավմայի, սոցիալական մեկուսացման և ապագայի մասին պատկերացումների խեղման առումով։ Նման որոշումները կարող են կոտրել ճակատագրեր՝ առանց դրա իրական անհրաժեշտության։

Այո՛, բռնությունն անընդունելի է՝ անկախ նրանից, թե ով է այն գործադրում, որը, ի դեպ, նաև պետք է հիմնավոր ապացուցվի, այդ իսկ պատճառով էլ վարույթ է իրականացվում։

Բայց նույնքան անընդունելի է պետության կողմից անհամաչափ և ոչ համարժեք արձագանքը, որի դեպքում արդարադատությունը վերածվում է պատժիչ մեխանիզմի։ Եվ այդ մահակը կոնկրետ անձի՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի ձեռքում է, որի գործունեությունը տարիներ շարունակ ուղեկցվում է քաղաքական հնչեղ գործերով։ 

Նրա դատավճիռներով անցել են ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ՝ տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր իշխանությունների օրոք։ Մնացական Մարտիրոսյանը 2001 թվականին քննել է «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործը, 2006 թվականին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007 թվականին Ժիրայր Սեֆիլյանը։ 2008 թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը և քաղաքական գործունեությամբ զբաղվող այլ անձինք: 

Եվ գիտեք ամենազավեշտալին որն է, որ նույն Մնացական Մարտիրոսյանը քննելու է արդեն 2026 թվականին դատարան ուղարկված «Մարտի 1»-ի գործը, բայց այս անգամ հակառակ բևեռում գտնվող մարդկանց մասնակցությամբ, ամբաստանյալի աթոռին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ Վալերիյ Օսիպյան, Կարեն Մովսիսյան, Ռոբերտ Մելքոնյան։ 

Ի դեպ, Մնացական Մարտիրոսյանի գործերի մի մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների խախտումներ և քաղաքական հետապնդման հետ կապված խնդիրներ։ Սա արդեն ոչ թե կարծիք է, այլ փաստ՝ միջազգային իրավական մակարդակում հաստատված։ Եվ երբ նույն դատավորը շարունակում է պաշտոնավարել ու նույնիսկ նշանակվում է բարձր պաշտոնի, հարցը դառնում է ոչ թե անձնական, այլ՝ ինստիտուցիոնալ պատասխանատվության։

2018 թվականից հետո Մնացական Մարտիրոսյանի կողմից դատապարտված, բայց արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այն դատավորները, որոնց վճիռներով արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ, պետք է հեռանան համակարգից։ Սակայն նույն Մնացական Մարտիրոսյանն առաջխաղացում ապրեց, նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։ Սա ոչ միայն հակասություն է, այլ նաև ուղերձ առ այն, որ համակարգը չի փոխվել։

Այսօր Դավիթ Մինասյանի կալանքը մեկ մարդու ճակատագրի մասին չէ։ Սա համակարգի մասին է, որը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ՝ անկախ ժամանակից, իշխանություններից կամ խոստումներից։ 

Երբ դատարանը չի կշռադատում ուժը և իրավունքը, երբ կալանքը դառնում է սովորական գործիք, իսկ դատավորը՝ այդ գործիքի կրողը, արդարադատությունը կորցնում է իր իմաստը։ 

Սա համակարգային վարքագիծ է, որը վերարտադրվում է նորից ու նորից՝ կոտրելով մարդկանց կյանքեր և խաթարելով հանրային վստահությունը։ Եվ քանի դեռ այդ վարքագիծը չի փոխվում, յուրաքանչյուր նոր գործ պարզապես կրկնություն է լինելու նույն սցենարի՝ նոր անուններով, բայց նույն հետևանքներով։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am

Leave a Comment